ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն այցելել է Ծիծեռնակաբերդ
Աշխատանքային այցով Հայաստան ժամանած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը դեկտեմբերի 23-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ արտգործնախարարի տեղակալ Արմեն Ղևոնդյանի և ՀԱՊԿ-ում Հայաստանի մշտական և լիազոր ներկայացուցիչ Վիկտոր Բիյագովի ուղեկցությամբ: Տեղեկությունը հրապարակվել է Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտի ֆեյսբուքյան էջում։
Հյուրերին դիմավորեց և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը:
Ստանիսլավ Զասը ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև հյուրերը ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակը, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն: