Լավրով. Կիևը ՆԱՏՕ-ի մեջ ներքաշելը լուրջ ռիսկեր է ստեղծում
Կիևը ՆԱՏՕ-ի մեջ ներքաշելու ընթացքը՝ մեր սահմանների մոտ հարձակողական հրթիռային համակարգերի հայտնվելու հեռանկարով, անընդունելի սպառնալիքներ է ստեղծում Ռուսաստանի անվտանգության համար՝ լուրջ ռազմական ռիսկեր առաջացնելով բոլոր ներգրավված կողմերի համար` ընդհուպ մինչև լայնածավալ հակամարտություն Եվրոպայում։ Այս մասին բոսնիա-հերցեգովինական «Օսլոբոդժենիե» թերթին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
Նրա խոսքով` Վաշինգտոնի հետ համագործակցության մեջ անառողջ իրավիճակ է ստեղծվել. «Ամերիկացիները բացահայտ անբարյացակամ գիծ են վարում. պատժամիջոցներ են սահմանում, անհիմն մեղադրանքներ են հնչեցնում մեր հասցեին, թշնամական այլ քայլեր են ձեռնարկում։ Այդ ամենը թունավոր մթնոլորտ է ստեղծում, խոչընդոտում է հանգիստ, պրոֆեսիոնալ հաղորդակցության հաստատմանը»։
Լավրովը նշել է, որ առաջին հերթին անհրաժեշտ է նվազեցնել առճակատման աստիճանը, որն առաջանում է այն բանից, թե ինչպես են ամերիկացի գործընկերները «հովանավորում» իրենց ուկրաինացի պրոտեժեներին։ «Կիևը ՆԱՏՕ-ի մեջ ներքաշելու ընթացքը՝ մեր սահմաններին հարձակողական հրթիռային համակարգերի հայտնվելու հեռանկարով, անընդունելի սպառնալիքներ է ստեղծում Ռուսաստանի անվտանգության համար՝ լուրջ ռազմական ռիսկեր առաջացնելով բոլոր ներգրավված կողմերի համար, այդ թվում` լայնածավալ հակամարտություն Եվրոպայում։
Ռուս-ամերիկյան հարաբերություններում, իհարկե, կան նաև դրական կողմեր։ Այդպես, առաջնորդների ժնևյան պայմանավորվածությունների համաձայն` գործարկվել է ռազմավարական կայունության վերաբերյալ խորհրդակցությունների մեխանիզմը։ Ռուսական և ամերիկյան միջգերատեսչական պատվիրակությունների երկու հանդիպումներն անցել են գործնական և պրոֆեսիոնալ մթնոլորտում։
Բացի այդ, Ժնևում պայմանավորվածության համաձայն, վերսկսվել է ռուս-ամերիկյան երկխոսությունը տեղեկատվական անվտանգության վերաբերյալ։ Մենք կողմ ենք, որ այս ոլորտում համագործակցությունը պետք է ընդգրկի տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների չարամիտ օգտագործման խնդիրների ողջ շրջանակը և չսահմանափակվի առանձին վերցրած հարցերով:
Ինչպես արդեն հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Ռուսաստանը և ԱՄՆ-ն՝ միջուկային խոշորագույն տերությունները, հատուկ պատասխանատվություն են կրում մոլորակի ռազմավարական անվտանգության համար։ Մոսկվայի և Վաշինգտոնի միջև լիարժեք երկխոսությունն օբյեկտիվորեն կծառայի գլոբալ կայունության ապահովմանը և տարածաշրջանային հակամարտությունների կարգավորմանը»,- նշել է ՌԴ ԱԳ նախարարը, տեղեկացնում է News.am-ը։