Արտաշես Գեղամյան․ ՀՀ-ն պիտի անդամակցի ռուս-բելառուսական միությանը

Ռուսաստան–Բելառուս միութենական պետությանն անդամակցելը կապահովի Հայաստանի սահմանների անձեռնմխելիությունը։ Այսօր Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ ասաց «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը։

«Այսօր մենք նոր աշխարհակարգի ձևավորման վկան ենք, և ներկա բազմաբևեռ աշխարհում, որտեղ յուրատեսակ ձգող կենտրոններ են հանդիսանում Ռուսաստանը, ԱՄՆ–ն ու Չինաստանը, հենց ՌԴ–ն է հանդիսանում Հայաստանի անվտանգության երաշխավորը»,– ասաց նա։

Գեղամյանը պնդեց, որ Ռուսաստան–Բելառուս միութենական պետությանն անդամակցելը ոչ մի կերպ չի վնասի Հայաստանի անկախությանն ու ինքնիշխանությանը` հիշեցնելով, որ միութենական պետության պայմանագրի երրորդ հոդվածի համաձայն` այն խարսխված է մասնակից պետությունների սուվերեն հավասարության սկզբունքի վրա։

Գլոբալ աշխարհաքաղաքական ճգնաժամի պայմաններում Գեղամյանը ստեղծված իրավիճակը համեմատեց 1961 թվականին տեղի ունեցած Կարիբյան ավազանի ճգնաժամի հետ, հետևաբար Հայաստանը, ըստ նրա, պետք է հստակեցնի իր դիրքորոշումն ու մոտեցումները` ելնելով իր ժողովրդի ու պետականության շահերից։

Խոսելով Արցախի անվտանգության մասին` Գեղամյանը հայտարարեց, որ պետք է ԼՂ–ն Ռուսաստանի կազմի մեջ մտնելու գործընթաց սկսել Ղրիմի օրինակով։ Նրա համոզմամբ` դա կարող է լինել մեր տարածաշրջանում կայունության ու խաղաղության երաշխիքը։