ՌԴ ԱԳՆ․ Սահմանի դելիմիտացիայի հանձնաժողովը կարող է ստեղծվել շուտով
Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի դելիմիտացիայի հանձնաժողովը մոտ ժամանակներս կարող է ստեղծվել: ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն։
Նա հիշեցրել է, որ նոյեմբերի 26-ին Սոչիում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները պայմանավորվել են երկկողմ հանձնաժողով ստեղծել Ռուսաստանի խորհրդատվական աջակցությամբ:
«Այդ պայմանավորվածության իրագործման ճանապարհին որևէ անհաղթահարելի խոչընդոտ չենք տեսնում», - ասել է ՌԴ փոխարտգործնախարարը։
Ռուդենկոն նշել է, որ Ռուսաստանը մայիսին հայ-ադրբեջանական սահմանի առանձին հատվածներում իրադրության սրման հենց սկզբից հանդես է եկել որպես միջնորդ ՝ իր օգնությունը առաջարկելով համապատասխան բանակցային գործընթաց սկսելու հարցում:
Փոխնախարարի խոսքով ՝ միջադեպերն ուղիղ կապ չունեն ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտու հետ։ Խնդիրը ժառանգություն է մնացել խորհրդային տարիներից և պայմանավորված է երկու երկրների միջև պետական սահմանի միջազգային-իրավական պատշաճ ձևակերպման բացակայությամբ, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։