ԴԺԳՈՀՈՒԹՅԱՆ ԿԵՂԾ ՀԱՍՑԵԱՏԵՐԸ՝ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ

Ո՞րը պետք է լիներ պատերազմում ջախջախիչ պարտությունից հետո ինքնապահպանման բնազդ և պետական մտածողություն ունեցող ցանկացած ժողովրդի առաջին քայլը։ Ճիշտ է, պետության այնպիսի առաջնորդի ընտրությունը, որը բարձր գլխով, առանց կոմպրոմատների բացահայտման վախից ընկրկելու և ստորանալու, հանդես կգար միջազգային հարթակներում, կպաշտպաներ պետական շահն ու անամոթաբար չէր անարգի հազարավոր զոհերի հիշատակը։ Ալիևն, իհարկե, նրա կողքին դարձյալ կփորձեր աքլորանալ, բայց համարժեք պատասխան էլ կստանար։

Եթե Հայաստանի քաղաքացիները դեռեվս գործուն չեն դիմադրում իր շահերը հետևողականորեն և համակարգված կերպով թշնամուն զիջող սեփական իշխանությանը, ի՞նչ պահանջ կարող ենք ներկայացնել որևէ այլ պետության։ Ինչո՞ւ են Հայաստանում, օրինակ, Պուտինից, Մակրոնից, Բայդենից, նույնիսկ Էրդողանից և Ալիևից դժգոհում, երբեմն անգամ նրանց հրաժարականները պահանջում, երբ նրանք սպասարկում են իրենց ազգային շահերն ու բացարձակ պարտավոր չեն մտածել մեր մասին։

Նիկոլ Փաշինյանը չէ՞ր, որ պատերազմից ամիսներ առաջ, օրինակ, խորհրդարանական ընդդիմադիր խմբակցություններից մեկի ղեկավարին սուրճի սեղանի շուրջ ստեր էր փչում արցախյան կարգավորման մասին և վստահեցնում, թե որևէ վտանգ չկա։ Նրա ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը չէ՞ր, որ հրապարակայնորեն վերահաստատում էր ղեկավարի խոսքերը, պնդում էր, թե ամեն ինչ վերահսկելի է, կասկածները պիտի փարատվեն։ Ո՞վ է մեղավոր պատերազմին նախորդած, ուղեկցած և հաջորդած ահռելի ստի կայսրության համար, Պուտինն ու Բայդե՞նն են խաբել հայ ժողովրդին և խոստացել, որ Արցախի հարցը լուծվելու է Ագորայում՝ Հանրապետության հրապարակում։

Իրականությունն այն է, որ խայտառակ կառավարման հետևանքով դիվանագիտությունը պարզապես ձախողվել է, ինչն էլ հանգեցրել է պատերազմի։ Մարտերի անկանոն, չհամակարգված, խառնիխուռն ղեկավարման, անհասկանալի հրամանների արդյունքում էլ բանակի ողնաշարը կոտրվել է, ռազմականապես պարտվել ենք։ Այս ամենին իր պաշտոնավարմամբ միտումնավոր կամ անփութորեն հանգեցրած անձն ինչպե՞ս կարող է բանակցել Ալիևի կամ առավել ևս Էրդողանի հետ։ Ավելին, նա չի կարող բանակցել անգամ բարեկամ երկրների առաջնորդների հետ, քանի որ նրան այլևս ոչ ոք լուրջ չի ընդունում։

2020-ի նոյեմբերի 9-ին ավարտված լայնածավալ ռազմական գործողություններից ավելի քան մեկ տարի անց մեր երկիրն ամեն օր ցավալիորեն շարունակում է պարտվել, քանի որ երեք եռակողմ հայտարարությունների և բանավոր պայմանավորվածությունների արդյունքում առայսօր միայն զիջում է, չի էլ փորձում դիմադրել կամ սեփական շահերը պաշտպանել։ Սահմանային պարբերական սրացումներ, նոր գերիներ, ապա նրանց հայրենադարձում և կալանավորում, նորանոր տարածքային զիջումներ ՀՀ-ից, մարտական կորուստներ, Արցախի վերջնական հանձնման նախապատրաստում և Թուրքիայի հետ սիրախաղ. միջազգային հանրությո՞ւնն է այս տապալումների հանձնառուն, թե՞ հայրենի ապիկար իշխանությունն իր անգործությամբ։

Այս իրավիճակը պետական կառավարման տեսության մեջ բնորոշվում է իբրև կառավարման դեֆոլտ, երբ ձևականորեն առկա, իրականում պարապուրդի մատնված պետական ինստիտուտներն անկարող են իրավիճակից բխող և դրան համարժեք որոշումներ ընդունելու։ Քանի դեռ Բաքվի բանտերում խոշտանգվող գեթ մեկ ռազմագերի կամ մարտադաշտից չհայտնաբերված գեթ մեկ նահատակի աճյուն կա, Նիկոլ Փաշինյանն իբրև կառավարիչ ձախողակ է։ Նա է այս մարդասիրական հարցերի միակ պատասխանատուն, և փոխանակ ամենշաբաթյա ռեժիմով ՌԴ նախագահի և իր այլ պաշտոնակիցների հետ քննարկումներ անցկացնելու՝ զբաղված է ղազախական զարգացումներով։ Իսկ իր քաղաքացու և զինվորի կյանքը մասնավոր շահերին ստորադասող իշխանությունը չի կարող բարոյական լինել։