Ղազախստանի ԱԳՆ. Տիրող իրավիճակի վերաբերյալ Եվրախորհրդարանի որոշումը կողմնակալ է

Ղազախստանում տիրող իրավիճակի վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևը կողմնակալ է՝ հիմնված ոչ օբյեկտիվ եզրակացությունների և տվյալների վրա։ Այս մասին հայտարարել է Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը։

«Ղազախստանում հունվարի ողբերգական իրադարձությունների օբյեկտիվ գնահատականի բացակայությունը մտահոգություն է առաջացնում։ Անընդունելի ենք համարում նման փաստաթղթերի ընդունումը` մինչ Ղազախստանի Հանրապետության ղեկավարության կողմից նախաձեռնված ծառայողական հետաքննության արդյունքների հրապարակումը։ Մենք վերահաստատում ենք, որ դրա արդյունքները հասանելի կլինեն միջազգային հանրությանը»,- ասցում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ բանաձևի նախագիծը մշակելիս Եվրախորհրդարանի պատգամավորները և դրա կազմում գտնվող քաղաքական խմբերը ճշտումների ու պարզաբանումների համար չեն դիմել Ղազախստանի պաշտոնյաներին։

«Ղազախստանի Հանրապետությունում մարդու իրավունքների հանձնակատարը և քաղաքացիական հասարակության ինստիտուտները, որոնք անմիջական երկխոսության մեջ են պետական ​​մարմինների հետ, ևս հայտնում են, որ փաստաթղթի հեղինակներն իրենց հետ չեն կապվել։ Արտաքին գործերի նախարարության` լուրջ անհամապատասխանությունների և անճշտությունների առկայության վերաբերյալ ավելի վաղ մի շարք արտասահմանյան լրատվամիջոցների հրապարակումներում հնչեցրած դիրքորոշումը , որոնք նկարագրում են ահաբեկչական, ծայրահեղական և հանցավոր խմբավորումների դեմ իրավապահ մարմինների օրինական գործողությունները, անտեսվել է»:

«Ղազախստանը, լինելով ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի և հեղինակավոր միջազգային կազմակերպությունների անդամ, մարդասիրական իրավունքի ոլորտում բազմակողմ համաձայնագրերի մասնակից, լիովին հավատարիմ է օրենքի գերակայությանը և քաղաքացիների իրավունքների և ազատությունների պաշտպանության ոլորտում պարտավորությունների պահպանմանը: Մեր երկիրը զգալի ներդրում ունի նաև համաշխարհային և տարածաշրջանային անվտանգության ապահովման գործընթացում, այդ թվում՝ միջազգային ահաբեկչության դեմ պայքարում։

Ղազախստանի Հանրապետությունը նպատակաուղղված է կառուցողական փոխգործակցությանը Եվրամիության բոլոր կառույցների հետ՝ հիմնված փոխըմբռնման և փոխադարձ հարգանքի սկզբունքների վրա»,- ասված է ԱԳՆ հայտարարության մեջ։

Նշենք, որ Եվրախորհրդարանը նախօրեին բանաձև է ընդունել Ղազախստանում վերջին բողոքի ցույցերի և անկարգությունների ֆոնին մարդու իրավունքների պաշտպանության հետ կապված իրավիճակի վերաբերյալ` կոչ անելով միջազգային հետաքննություն սկսել, ինչպես նաև պատժամիջոցներ կիրառել Ղազախստանի պաշտոնյաների նկատմամբ ԵՄ ռեժիմի շրջանակներում մարդու իրավունքների լուրջ խախտումների համար, տեղեկացնում է News.am։