Աշոտ Մինասյան․ Չեմ վախենում դատվելուց (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Երբ նայում էի, թէե ինչ հոդվածներ էին դրված իմ վրա, ծիծաղս գալիս էր. նախ 20 տարի, հետո 11, էդպես փուչիկի պես պայթեցին, պայթեցին: Այս մասին, այսօր՝ հունվարի 26-ին, ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Գորիսի նստավայրում իր խոսքում ասաց «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը:

 

«Նախ, ինձ համար անակնկալ էին զենքերի տեսակները, նաև զենքերի տարեթվերը: Երբ կարդում ենք զենքերի տարեթվերը՝ 1898 թվականից սկսած զենքեր կան հայտնաբերված, որոնք եկել են Առաջին համաշխարհային պատերազմով, հետո հեղափոխությունով, հետո Երկրորդ համաշխարհային պատերազմով, հետո Չեչնիայի պատերազմով, Արցախի 1-ին, 2-րդ պատերազմներով: Լավ, ես էն թվերի՞ց եմ պատրաստվել տենց բան անել: Իմ կալիբրի մարդը, 3 պատերազմներով անցած, 20 տարի մաքսային ծառայության ղեկավար աշխատած, հրամանատար, տիրապետելով զենքի բոլոր տեսակներին, ուրեմն խելքս չէր կտրում, որ ունենայի Կոռնետ, Ֆագոտ, էդ թվի զենքերը պետք է հավաքեի՞: Իմ կալիբրի մարդը տանում զենքերը լցնում է մի տեղ ու հետո մտածում այդ անտեր վիճակի մասի՞ն: Ես չէի կարո՞ղ մի դեպուտատի, մի գեներալի, մի գործարարի ասեի՝ զենքերը պահի: Անտեր վիճակում լցնում էին այնտե՞ղ»,-ասաց նա:

«Ես դատվելուց չեմ վախենում, ազնվորեն եմ ասում: 20 տարվա մեղադրանք եք դնում, դուք երաշխիք ունե՞ք, որ սրանից հետո ես դեռ 20 տարի ապրելու եմ: Ես այդ երաշխիքը չունեմ: Չեմ վխենում դատվելուց, ինձ միշտ հետաքրքիր է եղել իմ պետության ճակատագիրը: մեկ տարի եղել եմ ազատության մեջ, 4 անգամ այցելել եմ Արցախ, ամեն այցելելուց զանգել եմ ԱԱԾ քննիչներին տեղյակ եմ պահել, որ գնում եմ Արցախ: Եթե մի տեղ ունեմ գնալու, էդ Արցախն է»,-ընդգծեց Աշոտ Մինասյանը, տեղեկացնում է News.am-ը:

Նա ընդգծեց, որ գիտի՝ իրեն ինչի համար են բռնել, ապա դիմեց դատավորին. «Այնպես արեք, որ դատարանին վաղը չասեն բանտարան, դատավորին՝ բանտավոր»:

Հիշեցնենք, որ նախորդ տարվա նոյեմբերի 9-ին, երբ ստորագրվեց 44-օրյա պատերազմը դադարեցնելու եռակողմ հայտարարությունը, դրանից անմիջապես հետո իրավապահները սկսեցին մի շարք ընդդիմադիրների ձերբակալել։ Այդ օրերին ԱԱԾ-ն ձայնագրություն տարածեց այն մասին՝ իբրև ԱԱԾ նախկին տնօրեն, ներկայումս՝ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը, ՀՀԿ-ական Վահրամ Բաղդասարյանը, ՀՅԴ անդամ Աշոտ Ավագյանը և «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը Նիկոլ Փաշինյանի սպանությունն են նախապատրաստում և իշխանությունն են յուրացնում։ 2021 թվականի դեկտեմբեր ամսին այդ քրեական գործը կարճվեց։ Սակայն հրամանատարը մեղադրվում է նաև ապօրինի զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր ձեռք բերելու և պահելու մեջ: Նա մի քանի ամիս է՝ կալանավորված է դեռևս 1 տարի առաջ հարուցված քրեական գործով։

Հիշեցնենք, որ դատախազությունը տևական ժամանակ պայքարում էր՝ Աշոտ Մինասյանին կալանավորելու համար։

Աշոտ Մինասյանի կալանավորելու միջնորդությունը մերժել էր Վերաքննիչ դատարանը։ Գլխավոր դատախազի տեղակալը Վերաքննիչ դատարանի որոշման դեմ վճռաբեկ բողոք էր ներկայացրել։ Դատախազը պնդել էր՝ Աշոտ Մինասյանն ապօրինի ձեռք է բերել մեծաքանակ զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր և սարքեր, դրանք տեղափոխել և պահել իրեն պատկանող շինությունում՝ քննության տվյալ փուլում ինքնությունը դեռևս չբացահայտված անձանց հետ նախնական համաձայնությամբ, հետևաբար, նա, գտնվելով ազատության մեջ, կարող է խոչընդոտել գործի քննությանը:

Վճռաբեկ դատարանն արձանագրել էր, որ ապօրինի զենք-զինամթերք պահելու դրվագով առկա է հիմնավոր կասկած, իսկ ահա Փաշինյանի սպանության ենթադրյալ նախապատրաստման և իշխանության յուրացման դրվագներով՝ ոչ։

Վճռաբեկ դատարանը մասնակի բավարարել էր դատախազության բողոքը և գործն ուղարկել առաջին ատյանի դատարան՝ նոր քննության:

Առաջին ատյանի դատարանն էլ քննել էր Աշոտ Մինասյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդությունը և կրկին մերժել այն, անգամ՝ կալանավորման հիմքերի բացակայության հիմքով։ Առաջին ատյանի դատարանը գտել էր, որ Մինասյանը, գտնվելով ազատության մեջ, չի խոչընդոտի գործի քննությանը:

Ավելի քան մեկ տարվա պայքարից հետո դատախազությունը հասավ իր համար ցանկալի արդյունքին. Վերաքննիչ դատարանի դատավոր Տիգրան Սիմոնյանն Աշոտ Մինասյանին կալանավորելու որոշում էր կայացրել։