ԴԱՎԱԴԻՐԻ ՀԵՌԱՑՈՒՄԸ՝ ԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԹՈՆՔԻ ՄԵԿՆԱԿԵՏ

Մեր ներքին պարտությունները շարունակվում են, իսկ թշնամու դեմ հաղթանակը մնացել է կես ճամփին և ուշանում է։ Հաղթանակի ձգտելու նպատակը մեզ համար մշտապես արդար է եղել, ու հիմա, որքան էլ փորձեն մեզ օտարել նրանից, այն բնական ճանապարհով պիտի վերադառնա։ Մեր հանրությունը հետպատերազմյան շոկից վաղուց վերադարձել է առտնին կյանքին, բայց հազարավոր զոհերը, միևնույն է, ներքին մի զգացողությամբ մեզնից յուրաքանչյուրի կորուստներն են, մեր հարազատներն ու որդիները։ Ճիշտ է, նրանք զոհն են դարձել մեծագույն դավադրության, սակայն մարտադաշտ մեկնելու նրանց մղումը սրբազան էր, քանի որ գիտեին՝ գնում են թշնամուն կործանելու։

Այդ մղումը քնած է նաեվ դեռեվս պատերազմ չտեսած պատանի սերնդի հոգում, հետևաբար՝ մի լուսավոր օր հայրենիքը վերաազատագրվելու է։ Իր հողում դարձյալ գլուխը բարձր և ինքնիշխան կեցվածքով՝ հայ ժողովուրդը հաստատակամությամբ ազդարարելու է, որ այլևս երբեք թույլ չի տա որևէ խեղկատակի դավաճանաբար հանձնելու հայրենիքը, զոհաբերելու հազարավոր նվիրյալների կյանքերն ու առողջությունը, կործանելու մի քանի սերունդների ազգային իղձերը։ Մեր ազգը պետք է վերջին փորձությունից իմաստնացած՝ հաղթահարի այս փուլը և համբակներին թույլ չտա ասպարեզ գալ ու իշխել իր վրա։

Նախագահի պաշտոնն զբաղեցրած Արմեն Սարգսյանի պես՝ վաղ թե ուշ Նիկոլ Փաշինյանն էլ մի օր հեռացվելու է իշխանությունից, իր տերերը հետ են կանչելու իրեն, սակայն քանի դեռ որպես գործիք կարող են օգտագործել՝ չեն հրաժարվում նրա ծառայություններից։ Բարոյապես մաշվելուց հետո նա կնմանվի մի անպետք իրի, լաթի կտորի, որին դեն են շպրտում։ Նոր կառավարության ղեկին և նրա կազմում պետք է լինեն ազգային ուժեր, սակայն ով էլ ընտրվի՝ հանրային վերահսկողությունն ու զգոնությունը նրա վրա պետք է լինի հույժ ծանր, որ այլևս երբեք ազգադավ որոշումներ չկայացվեն ու նման մտքեր չհնչեն, միաժամանակ՝ օբյեկտիվորեն քննվի և ուսումնասիրվի մեր ոչ վաղ անցյալը։

Հավաքական ապաշխարանքն այն կարևոր հոգեմտավոր ակտն է, որով պիտի անցնի մեր ազգաբնակչությունը։ Մենք մեզ պետք է ամոթանք տանք, որ ստախոս ծաղրածուին իշխանության գլուխ կարգելով՝ երկիրը մեր ձեռքերով դարձրել ենք նախ զավեշտի, ապա արյան ու արցունքի թատերաբեմ։ 44-օրյա պատերազմում նահատակված հայորդիները հենց այդ մեծ դավադրության ու խաբեության զոհերն են։ Նրանք հավատում էին, որ ոչ միայն եղածն են պահելու, այլև նոր առաջնագիծ են ձևավորելու, բայց նրանց այդ լուսավոր երազանքը կոտրեցին դավաճանությամբ ու դավադրությամբ։

Արդեն իսկ գաղտնազերծված փաստաթղթերից և հրապարակված փաստերից պարզ է դառնում, որ պատերազմը դավաճանությունների մրցավազք է եղել, դավադրությունների շքերթ։ Ստի ու մանիպուլյացիայի վարպետը, մինչդեռ, պնդում է, թե ինքն այդ ամենի թիվ մեկ մեղավորը չէ, բայց անգամ այդ դեպքում որևէ բան չի բացահայտում՝ պարտության պատասխանատուներին թողնելով անպատիժ։

Մատաղ սերունդն անխուսափելիորեն սովորելու է պետականակործան այս վարչախմբի սխալների վրա, տառապանքի դասեր է առնելու, և իրապես Նոր Հայաստանը ծնվելու է մեծ տառապանքից։ Հայրենիքի վերակերտման համար պայքարում պետք է լինենք անհոգնել և անզիջում, անհանդուրժող անգամ փոքր տապալումների նկատմամբ։ Ամեն ինչ ներելու գինն էր սա, որը վճարեցինք՝ դաժանորեն պատժվելով, բայց այսուհետ մեզ դավողին ներում չպետք է լինի, և նրա դատ ու դատաստանը պիտի անխուսափելի դառնա։