Հայ–իրանական հարաբերությունները պետք է հասցնել ավելի բարձր մակարդակի

Հայ-իրանական հարաբերությունները հարկավոր է բարի դրացիական մշակութայինից փոխադրել ավելի բարձր` տնտեսական–անվտանգային մակարդակ։ Այսօր Երևանում Հայաստանի և Իրանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովում նման տեսակետ հայտնեց Իրանի մեջլիսի հայազգի պատգամավոր Ռոբերտ Բեգլարյանը:

«44-օրյա պատերազմից հետո առաջացած աշխարհաքաղաքական փոփոխությունները, այն հարափոփոխ իրավիճակը, որն ապրում է մեր տարածաշրջանը, և Միջին Արևելքի ու Կովկասի քաղաքական հարցերի այն շաղկապվածությունը, որին ականատես ենք լինում, համոզմունք է ներշնչում, որ, իրոք, պետք է նոր թափ ստանան Հայաստանի ու Իրանի քաղաքական, անվտանգային ու տնտեսական հարաբերությունները»,– ասաց նա։

Իրանահայ պատգամավորը նշեց, որ ժամանակն է այս ուղղությամբ կոնկրետ քայլեր ձեռնարկելու ու մեխանիզմներ մշակելու, տեղեկացնում է Sputnik Արմենիա։