ԱԶԳԱՅԻՆ ՀՊԱՐՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԸ՝ ՊԱՅՔԱՐԻ ՄԵԿՆԱԿԵՏ

Ընդդիմադիր փողոցային ալիքը, որը քաղաքագետների կանխատեսմամբ կարող է գարնանն ընդառաջ վերամեկնարկել, պետք է նախևառաջ հետպատերազմյան մեկ տարվա և երեք ամսվա փաստերի չոր գույքագրում անի, հստակեցնի պահանջներն ու մեթոդաբանությունը և անշեղորեն գնա նպատակակետի՝ Նիկոլ Փաշինյանին հրաժարական պարտադրելու ուղղությամբ։ Անիմաստ է նրան ԱԺ-ում ելույթներով կամ հարցապնդումներով հասկացնել, թե իրավունք չունի շարունակելու պաշտոնավարումը։ Մեծապես անիմաստ է նաև ՔՊ-ական պատգամավորների բարձր գիտակցության վրա հույս դնելը, քանի որ նրանք Փաշինյանի կողմից շատ ավելի ծանր ճնշման և շանտաժի տակ են, քան նույնիսկ հանրության։

Կես տարի է՝ ԼՀԿ-ն և ԲՀԿ-ն այլևս խորհրդարանական ընդդիմություն չեն, բայց դեռևս չեն գաղտնազերծել պատերազմի ընթացքում Անվտանգության խորհրդի նիստերին իրենց մասնակցությամբ ասված խոսքերը, այն դեպքում, երբ անգամ Օնիկ Գասպարյանն ու Միքայել Համբարձումյանն են խոսել։ Նիստերին մասնակից Էդմոն Մարուքյանի և Արման Աբովյանի խոսելը խիստ անհրաժեշտ է՝ պարզելու պատերազմի իրական ընթացքի շատ հանգամանքներ, որոնք զեկուցվել են Անվտանգության խորհրդի անդամներին։ Այս քողազերծումները կարող են վճռորոշ նշանակություն ունենալ նաև բանակի հետագա զարգացման և վերախմբավորման համար։

Փաստ է նաև, որ պատերազմի հանգամանքների խորհրդարանական քննիչ կամ փաստահավաք պարիտետային հանձնաժողովի ստեղծման գաղափարները վիժեցված են հենց իշխանության կողմից։ Պարզ է, որ Փաշինյանը տորպեդահարում է ռազմական գործողությունների ընթացքի բոլոր մութ կետերի փաստաթղթավորման և ճշմարիտ արձանագրման միտքն անգամ։ Եվ քանի դեռ պատերազմի հետևանքների, պատասխանատուների ու մեղավորների հարցն օդում սառած է, ընդդիմությունը որևէ կերպ չպետք է Փաշինյանի կազմակերպած մի նոր արտահերթ ընտրության համաձայնի, եթե անգամ մինչ այդ նրանց ժողովրդականությունը ձգտի զրոյի։

Ընդդիմադիր նոր պայքարի գաղափարը պետք է լինի նախևառաջ այս վիճակի նկատմամբ մարդկանց համատարած և սարսափելի անտարբերությունը հաղթահարելը, ազգային հպարտության վերականգնման մղումն արթնացնելը, սեփական ուժերի հանդեպ հավատի վերականգնումը։ Փաշինյանը չունի ոչ միայն հայրենիքի զգացողություն, այլև տարրական մարդկային ապրումակցում և կարեկցանք, փոխարենը՝ անհուն սեր է տածում իշխանության և փողի նկատմամբ։ Իր շրջապատն էլ նույն արժեքային համակարգի կրողն է, հետևաբար՝ անգամ այս կոլապսից հետո շարունակում է նրա թիմում մնալ։ Այս պարզ ու հասկանալի, մարդկային գործոնով համեմված փաստարկները պետք է որ ընդունելություն և հավանություն գտնեն բողոքավոր զանգվածների շարքերում և մղեն արդար պայքարի։ Գաղափարական սոցիոկրիտիկ զանգվածը դժգոհ է ոչ միայն և ոչ այնքան սոցիալ-տնտեսական, որքան ազգային անիրավվածության մղձավանջից։ Այս անպատիվ վիճակն անգամ Հայոց ցեղասպանության օրերի հետ համեմատելի չէ՝ այն ժամանակ պետություն չունեինք, և ավելի շատ Անիի Բագրատունյաց հարստության դավադիր անկումն է հիշեցնում։

Փաշինյանի իշխանախմբի միակ գաղափարական հենքը վաղուց նյութապաշտությունն է։ Թերևս այդպես էլ նա ձեռք է բերել իր պատգամավորների և նախարարների լոյալությունն ու հավատարմությունը։ Վստահաբար՝ բացի աշխատավարձերից և պարգևատրումներից՝ իշխանախումբը նաև մեծածավալ ստվերային գումար է ձեռք գցում, ներքաշված է տարբեր կոռուպցիոն սկանդալներում։

Իշխանական պատգամավորների թերլրացված հայտարարագրերն անգամ դժվարությամբ են թաքցնում նրանց կտրուկ հարստացումը 2018-ից հետո։ Եթե բացի գաղափարական, արժանապատվության վերականգնման մոտիվից՝ հանրությանը պատշաճ ներկայացվի նաև վերջին չորս տարում քաղաքական կոռուպցիայի և տնտեսական հանցագործությունների համակարգված պատկերը՝ պայքարը չի կարող չհաջողել։