ԵՂԲԱՅՐԱՍՊԱՆ ԽԵԼԱՀԵՂՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ԳՐԱՎԱԿԱՆ

Ինչի՞ կհանգեցնի ԴԺՀ-ի կամ ԼԺՀ-ի ճանաչումը Ռուսաստանի կողմից: Հասկանալի է. նման որոշման գնահատականները տարբեր կլինեն։ Եվ, համոզված ենք, աշխարհում միամիտներ այլևս չեն մնացել. բոլորն էլ հասկանում են, որ քաղաքական գործիչների և քաղաքագետների մակարդակով գնահատականները տրվելու են բացառապես իրենց երկրների քաղաքական, աշխարհաքաղաքական ու մերձքաղաքական շահերի տեսանկյունից։

Գնահատել իրադարձությունները ԱՄՆ-ի տեսակետից՝ մեկ բան է, Ռուսաստանի տեսակետից՝ այլ բան, Չինաստանի՝ երրորդ բան, Եվրոպայի՝ չորրորդ, Հայաստանի՝ հինգերորդ... Մինչդեռ այս կամ այն իրադարձության գնահատականը, քիչ թե շատ ազնիվ գնահատականը կախված է նրանից, թե որ արժեքներն են համարվում գերակա: Եվ եթե արդար դատենք, ապա Պուտինի որոշումը պետք է գնահատել նախևառաջ ԴԺՀ և ԼԺՀ բնակիչների տեսակետից։

Այդ դեպքում պարզ է. ամենից շատ շահում են հենց նրանք, և Պուտինի որոշման օրվա հրավառությունները հասկանալի են։ Դժվար է տարիներ շարունակ ապրել մշտական լարվածության մեջ, երբ ապագան մշուշոտ ու անհասկանալի է, առջևում՝ նոր պատերազմ, թե ոչ…

Ի՞նչ ստացան Դոնբասի բնակիչները: Նախևառաջ՝ անվտանգ կյանքի երաշխիքներ, քանի որ Մոսկվան ոչ միայն ճանաչեց նրանց անկախությունը, այլև պայմանագրեր կնքեց նրանց հետ, որոնք փաստացի երաշխավորում են երկու մարզերի բնակիչների անվտանգությունը: Պայմանագրեր, որոնք ազատություն են տալիս Մոսկվայի ձեռքերին՝ Դոնբասի լիարժեք սատարման համար։

Ընդունված որոշման արդյունքում մի քանի միլիոն մարդ այսուհետ ապրելու է ավելի հանգիստ ու անվտանգ։ Վաղվա օրվա նկատմամբ ավելի վստահ։ Փախստականները կվերադառնան իրենց տները։ Լավ է դա, թե՞ վատ։ Եթե մոռանանք աշխարհաքաղաքականության, քաղաքականության ու այլևայլնի մասին, ապա դա ոչ թե պարզապես լավ է, այլև հիանալի...

«Դոնբասի հանրապետությունների ճանաչման վերաբերյալ Ռուսաստանի որոշումը եղբայրասպան խելահեղության դադարեցման գրավականն է»,- հայտարարել է Հարավային Օսիայի նախագահ Անատոլի Բիբիլովը։ Հակիրճ, բայց դիպուկ։

Ո՞ւմ համար է լուծումն առավել խնդրահարույց։ Այո, Ռուսաստանի համար։ Ինչ է, Ռուսաստանում չե՞ն հասկանում, որ ստիպված են լինելու ընկնել պատժամիջոցների նոր ալիքի տակ։ Ծիծաղելի է նման բան ենթադրելը։ Չե՞ն հասկանում, թե ինչ հրեշի կերպարանքով է ներկայացնելու Ռուսաստանին «ազատ աշխարհի ազատ մամուլը»։ Այդուհանդերձ ռուսաստանցիների մեծամասնության անունից Վլադիմիր Պուտինը կայացրեց այդ որոշումը։

Կարող էր, իհարկե, ամեն ինչ արգելակել, ինչ-որ «խաղաղ օրակարգ» հորինել, ինչպես Փաշինյանը, ու հանգիստ ապրել։ Դոնբասի բնակիչների խաղաղ կյանքի հաշվին։ Ինչպես որ Փաշինյանն է այսօր հանգիստ իշխում «Եռաբլուրի» ընդարձակման և արցախցիների շահերի հաշվին…

Իսկ ի՞նչ է լինելու հետո։ Մեծ աղմուկ կբարձրանա։ Բայց լուրջ հակամարտության մեջ ներքաշվել քչերն են ուզում։ Կան ցանկացողներ, որ այդ հակամարտության մեջ ներքաշվեն ուրիշները. դա այդպես է։ Անգլիացիների համար այս պարագայում ընդհանրապես սքանչելի օրեր են սկսվում

Բայց, ըստ երևույթին, եկել է ժամանակը, որ աշխարհը կողմնորոշվի. ի՞նչ սկզբունքներով են մտադիր շարունակել ապրել։ Իսկապե՞ս գերակա է մարդը, համամարդկային արժեքները։ Եթե այո, ապա ո՞րն է խնդիրը։ Մի վախեցրեք ողջ աշխարհին երրորդ համաշխարհային պատերազմով, հանգիստ թողեք Դոնբասի բնակիչներին ու ապրեք ձեզ համար: Խաղաղ ու անվտանգ, բարգավաճեք ու բարօրություն վայելեք ինչքան կամենաք, չխլելով այդ իրավունքը Ուկրաինայի նախկին երկու մարզերի բնակիչներից. մի պետության, որը, եթե ճիշտը խոսենք, ընդամենը մոտ հարյուր տարի առաջ է հայտնվել աշխարհի քարտեզի վրա։

Սակայն... Կարող ես ինչքան ասես ազնիվ լինել քո փաստարկներում, բայց միևնույնն է, կհավատան նրան, ով գեղեցիկ ստում է։ Այսպիսի կամ մոտավորապես համանման միտք արտահայտեց Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր վերջին ասուլիսում։ Եվ, պետք է խոստովանել, դրանք են այսօրվա աշխարհի նախորոշիչ քաղաքական իրողությունները։