ՌԴ ԱԳՆ․ ԱՄՆ-ի պատժամիջոցներին խիստ պատասխան կտրվի
ԱՄՆ-ը կրկին ռեֆլեքսորեն սահմանափակող գործիքներ է կիրառում, որոնք անարդյունավետ են սեփական շահերի տեսանկյունից։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ն՝ կապված Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթի հետ։ ՌԴ ԱԳՆ-ի հայտարարության տեքստը հրապարակվել է Telegam-ում։
«Չնայած երկար տարիներ մեր տնտեսության զարգացմանը խոչընդոտելուն ուղղված ջանքերի ակնհայտ անարդյունավետությանը՝ ԱՄՆ-ը կրկին ռեֆլեքսորեն կիրառում է սահմանափակող գործիքներ, որոնք անարդյունավետ են ամերիկյան շահերի տեսանկյունից»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է նաև, որ ԱՄՆ-ի վարչակազմի հայտարարած պատժամիջոցների փաթեթը՝ արդեն թվով 101-րդը, համահունչ է Ռուսաստանի ուղին փոխելու Վաշինգտոնի անդադար փորձերին։
«Կասկած չպետք է լինի, որ պատժամիջոցներին կտրվի խիստ պատասխան՝ պարտադիր չէ, որ այն համաչափ լինի, բայց կլինի զգայուն»,- ասվում է հայտարարության մեջ, տեղեկացնում է News.am-ը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել էր Ռուսաստանի դեմ պատժամիջոցների «առաջին տրանշի» մասին։