Եվրամիությունը գագաթաժողով կանցկացնի Չինաստանի հետ
Եվրամիությունը գագաթաժողով կանցկացնի Չինաստանի հետ, որպեսզի փորձի թուլացնել աճող լարվածությունը, հայտարարել է Եվրահանձնաժողովի փոխնախագահ և առևտրի հարցերով եվրահանձնակատար Վալդիս Դոմբրովսկիսը, հայտնում է Reuters-ը։
«Մենք գիտենք, որ Չինաստանի հետ հարաբերությունների բարդ փուլում ենք գտնվում»,- Եվրախորհրդարանի առևտրային հանձնաժողովում ասել է Դոմբրովսկիսը:
Դոմբրովսկիսը հիշատակել է Չինաստանի հետ ներդրումային համաձայնագիրը, որն ընդհատվել է այն բանից հետո, երբ Պեկինը պատժամիջոցներ է սահմանել Եվրախորհրդարանի որոշ անդամների նկատմամբ, և Չինաստանի ու Լիտվայի միջև վեճից հետո, երբ վերջինս թույլ է տվել Թայվանին դե ֆակտո դեսպանատուն բացել Վիլնյուսում:
«Ակնհայտ է, որ այս թեմաներից մի քանիսը պետք է քննարկվեն ամենաբարձր քաղաքական մակարդակով, որպեսզի տեսնենք, թե որքանով մենք կարող ենք համաձայնեցնել և բարելավել մեր համագործակցությունը»,- ասել Դոմբրովսկիսը:
ԵՄ ներկայացուցչի խոսքով՝ գագաթաժողովը, ամենայն հավանականությամբ, վիրտուալ կլինի։
Դոմբրովսկիսը չի ասել, թե կքննարկի արդյոք ինքը ուկրաինական ճգնաժամը գալիք գագաթաժողովում, բայց խոստովանել է, թե կա վտանգ, որ հակամարտության արդյունքում Չինաստանի և Ռուսաստանի միջև ավելի սերտ համագործակցություն կարող է առաջանալ: «Իրականում նշաններ կան, որ դա արդեն տեղի է ունենում... Ինչպես գիտեք, Չինաստանը շատ զգուշավոր է այս հակամարտության նկատմամբ: Նրանք ակնհայտորեն չեն հետևում արևմտյան ժողովրդավարական աշխարհի օրինակին և ճնշում չեն գործադրում», տեղեկացնում է News.am-ը։