ԱԺ–ում քննարկվում է ՀՀ նախագահ ընտրելու հարցը. ընդդիմադիրները լքեցին նիստերի դահլիճը

Շարունակվում է ՀՀ ԱԺ հերթական քառօրյա նիստը։ Այսօր քննարկվում է ՀՀ նախագահի ընտրության հարցը։

ԱԺ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Հակոբ Արշակյանը հայտնեց, որ ԱԺ 65 պատգամավորների գրավոր դիմումով ՀՀ նախագահի պաշտոնում առաջադրվել է Վահագն Խաչատուրյանի թեկնածությունը։

Ընդդիմադիր «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները լքեցին նիստերի դահլիճը:

ՔՊ ղեկավար Հայկ Կոնջորյանը, ներկայացնելով Խաչատուրյանին, նշեց, որ աշխատանքի բերումով նա մասնակից է եղել երկրի կայացման բազմաթիվ ծրագրերին։

«Վահագն Խաչատուրյանն ամուսնացած է, կինը մասնագիտությամբ կենսաֆիզիկոս է և 1998-ից աշխատում է առողջապահության նախարարության համակարգում։ Խաչատուրյանն ունի 2 զավակ և 2 թոռ»,–ասաց Կոնջորյանը։

Նրա խոսքով` Խաչատուրյանն իր կենսագրությամբ և անցած ճանապարհով ապացուցել է, որ կարող է և արժանի է զբաղեցնել ՀՀ նախագահի պաշտոնը։ Կոնջորյանը հայտնեց` ՔՊ–ն միաձայն ընտրելու է Խաչատուրյանին, տեղեկացնում է Sputnik Արմենիա։

Հիշեցնենք, որ ընդդիմադիր խմբակցությունները նախագահի թեկնածու չեն առաջադրել։