ՀՀ ՄԻՊ–ը կապի մեջ է Ուկրաինայի գործընկերոջ հետ
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը կապի մեջ է Ուկրաինայի Մարդու իրավունքների խորհրդարանական հանձնակատարի գրասենյակի հետ` վերջերս համացանցում տարածված մի տեսանյութում գերեվարված վիրավոր զինվորի մասով, որը ենթադրաբար ազգությամբ հայ Հայկ Ծատուրյանն է։
Տեղեկությունը հայտնել է ՀՀ ՄԻՊ աշխատակազմի մամուլի ծառայությունը։
«Այս օրերին ՄԻՊ թեժ գծին ստացվում են Ուկրաինայում ծավալվող ռազմական գործողությունների հետևանքով իրավունքների պաշտպանությանն առնչվող՝ ՀՀ քաղաքացիների ու ազգությամբ հայ մեր հայրենակիցների զանգեր։ Գերեվարված վիրավոր զինվորի դեպքի առնչությամբ ՀՀ ՄԻՊ–ը կապի մեջ է նաև Ուկրաինայում ՀՀ դեսպանության հետ։ Նրանց է փոխանցվել դեպքի վերաբերյալ Պաշտպանին հայտնի ամբողջ տեղեկատվությունը»,– նշում են աշխատակազմից:
Զուգահեռաբար Պաշտպանի աշխատակազմը ջանքեր է գործադրում տեսանյութում պատկերված ենթադրյալ անձի վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն ստանալու ուղղությամբ, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն: