Բողոքի ակցիա՝ Փարաքարում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Փարաքար համայնքի բնակիչները, որոնք համաձայն չեն ավագանու ղեկավարի ընտրությունների արդյունքներին, յսօր՝ մարտի 2-ին, բողոքի ակցիա են անցկացնում Փարաքար համայնքում:

 


Ակցիայի մասնակիցներից մեկը նշեց. «Մեր ակնկալիքն այն է, որ ոչ թե ժողովրդի կողմից, այլ իրենց կողմից ընտրված համայնքի ղեկավարը և ավագանու անդամները հասկանան, որ իրենք ժողովրդի կողմից չեն ընտրված և չեղյալ համարեն իրենց ընտրությունը: Ժողովուրդը չի ընդունում իրենց ղեկավարումը»:

Նրանք նշեցին, որ իրենք հավաքել են ընտրողների 60 %-ի ստորագրությունները և պահանջում են արտահերթ ընտրություններ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքում Փարաքար համայնքում «Ապրելու երկիր» կուսակցությունը 21 հոգանոց ավագանիում ստացել է 10 մանդատ և 10 ձայնով իրենց թեկնածուն՝ Վոլոդյա Գրիգորյանը ընտրվել է համայնքի ղեկավար: Թեև 10 ձայնը 50 տոկոսից քիչ է, սակայն «Ապրելու երկիր» կուսակցությունը պնդում է, որ եթե առաջադրված է մեկ թեկնածու, ապա նա կարող է ընտրվել 40+ տոկոս ձայներով:

Դրանից հետո եկել էին ավագանու մնացած 11 անդամները (ՔՊ-ն և «Դավիթ Մինասյան» դաշինքը) և 11 ձայնով համայնքապետ էր ընտրվել Դավիթ Մինասյանը, որը «Դավիթ Մինասյան» դաշինքի թեկնածուն է: Նրան էին ընտրել նաև ՔՊ-ի անդամները:

Դեկտեմբերի 23-ին «Ապրելու երկիր» կուսակցության աջակիցները հավաքվել էին Փարաքարի մշակույթի տան բակում, որտեղ պետք է տեղի ունենար իրենց թեկնածուի երդմնակալությունը, սակայն ոստիկանները նրանց թույլ չէին տվել մտնել շենք, և երդմնակալությունը դրսում էր կազմակերպվել:

Նույն օրն էլ «Դավիթ Մինասյան» դաշինքը դատարան հայց էր ներկայացրել՝ ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու պահանջով: Վարչական դատարանը որոշում է կայացրել անվավեր ճանաչել Փարաքար համայնքի ղեկավարի ընտրությունների արդյունքները։

Հունվարի 9-ի ավագանու նիստում «Դավիթ Մինասյան» դաշինք և ՔՊ խմբակցությունների միասնական թեկնածու Դավիթ Մինասյանը ընտրվել է Փարաքար խոշորացված համայնքի ղեկավար: Նրա թեկնածությանը կողմ են քվեարկել ավագանու 11 անդամները: Նշենք, որ «Ապրելու երկիր» խմբակցության անդամները ունեին 10 մանդատ, սակայն այսօր նրանք վայր դրեցին մանդատները և հեռացան նիստերի դահլիճից:

Հունվարի 3-ին «Ապրելու երկիր» խմբակցությունը կառավարությունից պահանջել էր ցրել ավագանին և նոր ընտրություններ նշանակել, քանի որ եթե համայնքի ղեկավարը երկու շաբաթվա ընթացքում չի ընտրվում, ապա օրենքով կառավարությունը արտահերթ ընտրություններ է նշանակում։