Ղազախստանը չեզոքություն է պահպանում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտությունում

Ղազախստանը չեզոքություն է պահպանում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտությունում և չի աջակցում կողմերից որևէ մեկին, Սենատի լիագումար նիստի շրջանակներում լրագրողներին ասել է պաշտպանության փոխնախարար Սուլթան Կամալետդինովը, փոխանցում է Vlast.kz-ը։

«Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտությունը ոչ մի կապ չունի Ղազախստանի հետ: Մենք կողմերից որևէ մեկին չենք աջակցում: Այս մասով հարցեր լինել չեն կարող»,- ընդգծել է Կամալետդինովը։

Պատասխանելով հարցին՝ արդյո՞ք ղազախական զորքերը պատրաստ են երկրում ուկրաինական իրավիճակի կրկնությանը, նա նշել է, որ «այդ հարցը բոլորին է անհանգստացնում»։ «Հուսով ենք, որ զինված ուժերը, ինչպես երեկ հանդիպման ժամանակ վստահեցրեց նախարարը, պատրաստ են կատարել իրենց առջև դրված խնդիրները»,- հույս է հայտնել փոխնախարարը։

Ավելի ուշ ՊՆ-ն հայտարարել էր, որ խաղաղության և անվտանգության պահպանման միջազգային պարտավորությունների կատարման համար Ղազախստանի զինված ուժերի զորախումբ ուղարկելու որոշումը կայացնում է խորհրդարանը՝ երկրի նախագահի համապատասխան առաջարկի հիման վրա։ «Մինչ խորհրդարանի համապատասխան բանաձևի ընդունումը Պաշտպանության նախարարությունը իրավասու չէ զորախումբ ուղարկել այս կամ այն ​​պետություն։ Ղազախստանի պաշտպանության նախարարությունն այս հարցի շուրջ բանակցություններ չի վարում»,- ընդգծել են գերատեսչությունում, տեղեկացնում է News.am: