ԵՐԿՈՒ ՊՈՊՈՒԼԻՍՏՆԵՐՆ ՈՒ ԻՐԱՆՑԻՆԵՐԻ ԱՆՊԱՐՏԵԼԻ ՈԳԻՆ

Որքա՜ն նման են այնուամենայնիվ Զելենսկին ու Փաշինյանը: Երկու պոպուլիստ-դատարկախոս, որոնք հասցրել են իրենց երկրները ողբերգության, ընդ որում անչափ գոհ են իրենցից և բացարձակապես զուրկ մեղքի զգացումից։

Երկուսն էլ պատերազմից առաջ պարծենում էին, թե կարող են իրենց պայմանները թելադրել, իսկ պատերազմի ժամանակ՝ երդվում, թե կռվելու են մինչ հաղթական ավարտ, որն արդեն մոտ է... Փաշինյանը հայտարարում էր, թե երկրում 3 միլիոն վարչապետ կա, և նրանցից հազարավորներին մահվան դատապարտեց իրենց ապաշնորհ դիվանագիտությամբ: Զելենսկին հայտարարում է, թե իր երկրում բոլորը նախագահ են, և իր վերջնագրային ապիկար դիվանագիտությամբ նույնպես հասցրեց երկիրը պատերազմի։ Այսօր Փաշինյանը ամեն ինչ մեղսագրում է իր նախորդներին, իբր՝ այնպես չեն բանակցել, ինչպես որ պետք էր։ Զելենսկուն նույնպես սաստիկ դուր չէին գալիս Մինսկի համաձայնագրերը, որոնք մշակվել են դեռևս իր նախորդի օրոք։ Արդյունքում երկուսն էլ ստացան պատերազմ՝ կանխատեսելի արդյունքով։

Եվ այսօր, այս պահին Զելենսկին գործում է նույն մեծ սխալը, ինչ որ Փաշինյանը, և հենց նույն պատճառով։ Փաստագրաբար հաստատված է, որ Փաշինյանը կարող էր 20 օր ավելի շուտ դադարեցնել պատերազմը՝ Հայաստանի և Արցախի համար մարդկային ու տարածքային ավելի քիչ կորուստներով։ Ալիևը համաձայն էր դադարեցնել ռազմական գործողությունները Պուտինի առաջարկած պայմաններով։ Ընդ որում Փաշինյանը գիտեր, որ դիմադրության ռեսուրսները գնալով ավելի են նվազում։ Սակայն, ինչպես ինքը հետագայում խոստովանեց, խաղաղությանը չի համաձայնել, քանի որ վախեցել է, որ իրեն կանվանեն դավաճան…

Հիմա էլ ահա Զելենսկին... Նա, ինչ է, չի՞ հասկանում, որ Ուկրաինայի դիմադրության ռեսուրսները նվազում են օրըստօրե։ Նա, ինչ է, չի՞ հասկանում, որ ուկրաինական բանակի կորուստների ամեն հավելյալ օրը կհանգեցնի խաղաղության ավելի կատեգորիկ պայմանների առաջադրման ռուսական կողմից։ Նա, ինչ է, հույս ունի, թե Մարիուպոլի կամ այլ քաղաքների անկումից հետո Մոսկվան հանկարծ դուրս կբերի զորքերն ու կճանաչի Դոնբասն ուկրաինակա՞ն։ Ոչ, իհարկե։ Նա բթամիտ չէ, Ուրախների և հնարամիտների ակումբի անդամները բթամիտ չեն լինում։

Ուրեմն ի՞նչն է խանգարում Զելենսկուն դադարեցնել պատերազմը հենց հիմա։ Հենց հիմա անցանկալի համաձայնագրեր կնքել ռուսների հետ։ Հիմա, երբ Մարիուպոլն ու մյուս բնակավայրերը դեռ իր վերահսկողության տակ են։ Բայց վաղը դրանք իր հսկողության տակ չեն լինելու։ Հիմա, երբ դեռ կարելի է պահպանել բազմաթիվ կյանքեր։ Բայց ոչ։ Ինչպեսև Փաշինյանը, նա վախենում է, որ իրեն կանվանեն դավաճան։ Իսկ իմիջը երկուսի համար էլ ավելի կարևոր է, քան երկրի շահերը, նրա քաղաքացիների կյանքը։

Կրկնենք. պատերազմի յուրաքանչյուր հավելյալ օրը ավելի կտրական կդարձնի Մոսկվայի պայմանները։ Պատերազմի ամեն օրը կմոտեցնի Ուկրաինային լիակատար կապիտուլյացիայի։ Պատերազմի յուրաքանչյուր հավելյալ օրը կավելացնի զոհերի և ավերածությունների թիվը։ Պատերազմի յուրաքանչյուր հավելյալ օրը անդառնալի կորուստներ կբերի Ուկրաինայի բանակին։ Հենց Ուկրաինայի, այլ ոչ թե արևմտյան աշխարհի, որը, ինչպես խոստովանում է ամերիկացի մի պաշտոնաթող գնդապետ, «դրդում է ուկրաինացիներին անիմաստ մահվան՝ մի ճակատամարտում, որում հաղթել նրանք չեն կարող»։

«Մենք կստեղծենք հումանիտար աղետ, ինչպիսին դեռ չի եղել, եթե այս ամենը չդադարի»,- ասում է նույն ամերիկացի զինվորականը՝ ԱՄՆ պաշտպանության նախարարի նախկին խորհրդական Դուգլաս Մակգրեգորը, բայց այդ ամենն, իհարկե, գլխավորը չէ և կարևոր էլ չէ: Գլխավորն ու կարևորն այն է, որ Զելենսկուն չեն անվանի դավաճան։ Իսկ արևմտյան ինչ-որ թերթում կանվանեն նույնիսկ հերոս... Անփառունակ պատերազմի հերոս։

ԱՄՆ նախագահը դիմել է Կոնգրեսին։ «Պուտինը կարող է շրջապատել Կիևը տանկերով, բայց չի կարող հաղթել իրանցիների սրտերն ու ոգին»,- հայտարարել է Բայդենը: Վրիպակ չկա. ինչպես գրված է, այնպես էլ ասել է։

Основная тема:
Теги: