ԱՄՆ-ում ՌԴ դեսպանը բացատրություններ է պահանջել
ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը բացատրություն է պահանջել և խստորեն դատապարտել է նախագահ Վլադիմիր Պուտինին սպանելու կոչ արած ամերիկացի սենատորի հայտարարությունները։
«Ամերիկացի քաղաքական գործչի հայտարարությունն անընդունելի և զարհուրելի եմ համարում։ ԱՄՆ-ում Ռուսաստանի նկատմամբ ռուսաֆոբիայի և ատելության աստիճանը չափազանց բարձր է: Անհնար է հավատալ, որ մի երկրի սենատորը, որը իր բարոյական արժեքները որպես «ուղղորդող աստղ» է քարոզում ամբողջ մարդկության համար, կարող էր իրեն թույլ տալ ահաբեկչության կոչ անել՝ որպես միջազգային ասպարեզում Վաշինգտոնի նպատակներին հասնելու միջոց»,- ասել է դիվանագետը՝ հավելելով, որ մտահոգված է Միացյալ Նահանգների ճակատագրի համար, որի ղեկին նման անպատասխանատու և ոչ պրոֆեսիոնալ քաղաքական գործիչներ են կանգնած. «Պահանջում ենք պաշտոնական բացատրություններ ներկայացնել և խստորեն դատապարտել այդ ամերիկացու հանցավոր հայտարարությունները»:
Ավելի վաղ սենատոր Լինդսի Գրեմը, ելույթ ունենալով Fox News-ի փրայմթայմի ժամանակ, ասել էր, որ ուկրաինական սրացող ճգնաժամին վերջ տալու միակ միջոցը Պուտինի սպանությունն է իր քաղաքական դաշնակիցների կողմից, տեղեկացնում է News.am-ը: