Հայաստանում ինտերնետ շահումով խաղերի, տոտալիզատորների գովազդը կարգելվի

Հայաստանում շահումով խաղի կամ ինտերնետ շահումով խաղի կամ խաղատան, խաղասրահի կամ տոտալիզատորի կամ դրանց կազմակերպիչների ցանկացած տեսակի գովազդը կարգելվի՝ բացառությամբ սահմանափակ թվով վայրերում:

«Գովազդի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ընդունվեց երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ՝ ստանալով 63 կողմ, 24 ձեռնպահ ձայն:

Ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանը հիշեցրել էր, որ ինտերնետ շահումով խաղերի գովազդի սահմանափակումները վերադառնում են մինչև 2020 թվականը եղած սահմանափակումներին: Այսինքն՝ դրանց գովազդը թույլատրվելու է միայն 4 վայրում՝ սահմանային անցակետերում, 4 և ավելի բարձր աստղ ունեցող հյուրանոցներում, նրանց գրասենյակների մուտքերին և ներսում, ինչպես նաև կայքէջերում:

Առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկման ընթացքում կատարված լրացման արդյունքում սահմանափակումը տարածվել է նաև թղթային վիճակախաղերի վրա:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանն էլ ընդգծել էր՝ սա խաղամոլության դեմ պայքարի իրենց խոստման քայլերից մեկն է ու լինելու են սրան հաջորդող այլ քայլեր, տեղեկացնում է Aysor.am: