Արցախում հարուցվել է 19 քրեական գործ՝ ադրբեջանցիների հանցագործությունների դեպքերի առթիվ

2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո Ադրբեջանը պարբերաբար խախտել է եռակողմ ձեռք բերված գրավոր պայմանավորվածությունները՝ թիրախավորելով հայ բնակչությանը։ Արցախի իրավապահներն արդեն հարուցել են 19 քրեական գործ՝ միայն, այսպես կոչված, հրադադարի պայմաններում ադրբեջանցիների կողմից թույլ տրված հանցագործությունների դեպքերի առթիվ։

Արցախի Հանրապետության գլխավոր դատախազությունը «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան տրամադրել է համապարփակ տեղեկատվություն՝ այս պահի դրությամբ հարուցված քրեական գործերի մասին։Դրանք խիստ բազմաբնույթ են, առևանգումներ, բռնություն, սպանություն, գույքի ոչնչացում, ահաբեկում։

Այսպես՝

1. 2021թ. թվականի նոյեմբերի 08-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում Արցախի Հանրապետության Շուշի-Բերձոր ավտոճանապարհի «Շուշիի տակ» կոչվող տեղանքում Ադրբեջանի Հանրապետության վերահսկողության տակ անցած տարածքից ավտոճանապարհ է դուրս եկել Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի՝ ինքնությունն անհայտ զինծառայողը և իր մոտ առկա հրազենով կրակոցներ արձակել տվյալ ճանապարհահատվածում ջրատար խողովակի վերանորոգում իրականացնող անձանց ուղղությամբ, ինչի հետևանքով «Ջրմուղ-Կոյուղի» ՓԲ ընկերության աշխատակից Մարտիկ Կարենի Երեմյանը, գլխի շրջանում ստանալով հրազենային գնդակային միջանցիկ վիրավորում, տեղում մահացել է, իսկ Գևորգ Վլադիմիրի Մելքումյանը, Արմեն Արկադիի Սարգսյանը, «ԷՄ-ՋԻ պլաստիկ» ՓԲ ընկերության աշխատակից Գագիկ Յակովի Ղազարյանը մարմնի տարբեր հատվածներում ստացել են հրազենային վիրավորումներ:

08.11.2021թ. հարուցվել է քրեական գործ՝ Արցախի Հանրապետության քրեական օրենսգրքի 103-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 9-րդ, 14-րդ կետերի և 225-րդ հոդվածի 2-րդ մաս 2-րդ կետի հատկանիշներով հետևյալ դեպքի առթիվ։

2. 2021թ. ապրիլի 07-ին Ասկերանի շրջանի Սարուշեն գյուղի տարածքում գտնվող հերկի աշխատանքներ կատարող անձանց ուղղությամբ կրակահերթ է արձակվել Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողների կողմից: 23.04.2021թ. հարուցվել է քրեական գործ՝ Արցախի Հանրապետության քրեական օրենսգրքի 33-103-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 14-րդ կետերով։

3. Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողների կողմից ոչնչացվել է Հադրութի շրջանի Մեծ Թաղեր համայնքի գերեզմանատունը։ 15.05.2021թ. հարուցվել է քրեական գործ՝ Արցախի Հանրապետության քրեական օրենսգրքի 276-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:

4. Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողների կողմից ոչնչացվել է Մարտունու շրջանի Թաղավարդ համայնքի գերեզմանատունը: 17.05.2021թ. հարուցվել է քրեական գործ՝ Արցախի Հանրապետության քրեական օրենսգրքի 276-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով։

5. Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողների կողմից ոչնչացվել է Ասկերանի շրջանի Ավետարանոց համայնքի գերեզմանատունը: 04.06.2021թ. հարուցվել է քրեական գործ՝ Արցախի Հանրապետության քրեական օրենսգրքի 276-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:

6. 04.08.2021թ. Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողների կողմից կրակահերթ է արձակվել Ասկերանի շրջանի Մխիթարաշեն գյուղում տեղակայված Արայիկ Առուստամի Աթայանին պատկանող բնակելի տան ուղղությամբ: 03.09.2021թ. հարուցվել է քրեական գործ՝ Արցախի Հանրապետության քրեական օրենսգրքի 33-103-րդ 2-րդ մասի 6-րդ և 14-րդ կետերով։

7. Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողների կողմից կրակահերթ է արձակվել 2021թ. սեպտեմբերի 01-ին Ասկերանի շրջանի Ակնաղբյուր գյուղում գտնվող խաղաղ բնակիչների ուղղությամբ: 13.09.2021թ. հարուցվել է քրեական գործ՝ Արցախի Հանրապետության քրեական օրենսգրքի 33-103-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 14-րդ կետերով:

8. 20.09.2021թ. մինչև սեպտեմբերի 22-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողների կողմից կրակահերթ է արձակվել Շուշիի դիրքերից Ասկերանի շրջանի Մխիթարաշեն գյուղում տեղակայված Կարեն Ալբերտի Սարգսյանին պատկանող բնակելի տան ուղղությամբ: 04.10.2021թ. հարուցվել է քրեական գործ՝ Արցախի Հանրապետության քրեական օրենսգրքի 33-103-րդ հոչվածի 2-րդ մասի 7-րդ և 14-րդ կետերով:

9. 29.12.2021թ. Ասկերանի Այգեստան գյուղի բնակիչ Արմեն Աբրիկի Վերդյանը մոլորվել է Նախիջևանիկ գյուղում և հայտնվել Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքում, որտեղ վերջինիս նկատմամբ Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողների կողմից գործադրվել է բռնություն, որից հետո խաղաղապահների միջնորդությամբ վերադարձվել է: 21.01.2022թ. հարուցվել է քրեական գործ՝ Արցախի Հանրապետության քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ և 7-րդ կետերով։

10. 2021թ. նոյեմբերի 13-ին Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողների կողմից Շուշիի դիրքերից կրակահերթ է արձակվել Ասկերանի շրջանի Մխիթարաշեն գյուղում տեղակայված Մանուկ Միքայելի Առուստամյանին պատկանող տան ուղղությամբ: 23.11.2021թ. հարուցվել է քրեական գործ՝ Արցախի Հանրապետության քրեական օրենսգրքի 33-103-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 14-րդ կետերով։

11. 13.11.2021թ. Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողների կողմից Շուշիի դիրքից կրակահերթ է արձակվել Շոշ գյուղում տեղակայված Սերգեյ Արգամի Հարությունյանին պատկանող տան ուղղությամբ։ 25.11.2021թ. հարուցվել է քրեական գործ՝ Արցախի հանրապետության քրեական օրենսգրքի 33-103-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 14-րդ կետերով։

12. 18.11.2021թ. Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողների կողմից Սարգսաշեն գյուղում տեղակայված հակառակորդի մարտական դիրքից կրակահերթ է արձակվել Սարուշեն գյուղում տեղակայված Վալերի Ավետիսյանին պատկանող ավտոմեքենայի ուղղությամբ։ 23.11.2021թ. հարուցվել է քրեական գործ՝ Արցախի Հանրապետության քրեական օրենսգրքի 33-103-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 14-րդ կետերով։

13. 06.09.2021թ. Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողների կողմից Վաղուհաս գյուղի վարչական տարածքից ինքնաձիգով կրակահերթ է արձակվել Մասիս Բաբկենի Միքայելյանի և նրա գոմեշների ուղղությամբ: 12.11.2021թ. հարուցվել է քրեական գործ՝ Արցախի հանրապետության քրեական օրենսգրքի 33-103-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 14 կետերով և 33-191-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։

14. 2021 թվականի հոկտեմբերի 09-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում Մարտակերտի շրջանի վարչական տարածքում «Ղասունց Յաթաղ» տեղամասում գտնվող, վարձակալական հիմունքներով Վյաչեսլավ Սմբատի Սանթրյանին պատկանող հողատարածքում «Կ-150» մակնիշի «0898 НК» հաշվառման համարանիշի տրակտորով Մարտակերտ քաղաքի բնակիչ Արամ Ալեքսեյի Տեփնանցի կողմից հողի վարման աշխատանքներ կատարելիս նշված հողամասից մոտ 250մ հեռավորության վրա տեղակայված, Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի մարտական դիրքի անհայտ զինծառայողի կողմից կրակոցներ են արձակվել Ա.Ա.Տեփնանցի ուղղությամբ, որի արդյունքում վերջինս ստացել է հրազենային գնդակային վիրավորում և մահացել:

19.10.21թ. հարուցվել է քրեական գործ՝ Արցախի Հանրապետության քրեական օրենսգրքի 103-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով։

15. 2021թ. հունվարի 14-ին Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողները առևանգել են Մարտունու շրջանի Հացի գյուղի վարչական տարածքում գտնվող այդ պահին անասնապահությամբ զբաղվող նույն համայնքի բնակիչ Արայիկ Գասպարի Գասպարյանին, տեղափոխել անհայտ ուղղությամբ, ապա՝ վերադարձրել ռուս խաղաղապահների հենակետ: 14.01.2021թ. հարուցվել է քրեական գործ՝ Արցախի հանրապետության քրեական օրենսգրքի 129-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով։

16. 2021թ. նոյեմբերի 23-ին Աշան գյուղի բնակիչ Միհրան Էռնեստի Մուսայելյանը Նոր Շեն և Հացի գյուղերի մոտակայքում մոլորվել է և հայտնվել ԱՀ վերահսկվող տարածքում, որտեղ նրա նկատմամբ Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողների կողմից կիրառվել է բռնություն, որի հետևանքով առողջությանը պատճառվել է ծանր վնաս:Վերադարձվել է խաղաղապահ ուժերի միջնորդությամբ:

06.12.2021թ. հարուցվել է քրեական գործ՝ Արցախի Հանրապետության քրեական օրենսգրքի 111-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ և 11-րդ կետերով։

17. 2021 թվականի դեկտեմբերի 03-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, ԱՀ Մարտունու շրջանի Ճարտար համայնքի վարչական տարածք հանդիսացող «Ղուրուսու» տեղամասում Ադրբեջանի Հանրապետության մի խումբ զինծառայողներ կողմից սպանվել է այդ պահին նշված վայրում անասնապահությամբ զբաղվող նույն համայնքի բնակիչ Սեյրան Սմբատի Սարգսյանը, որից հետո ադրբեջանական զինվորականները նրա մարմինը չեզոք գոտուց տեղափոխել են իրենց մարտական դիրք: Արցախի Հանրապետությունում ռուս խաղաղապահ ուժերի միջնորդությամբ Ս. Սարգսյանի դիակը հաջորդ օրը՝ դեկտեմբերի 04-ին, փոխանցվել է հայկական կողմին:

03.12.2021թ. հարուցվել է քրեական գործ՝ Արցախի հանրապետության քրեական օրենսգրքի 103-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 7-րդ, 14-րդ կետերով և 129-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով։

Ռահիմզադե Դավիթ Գաբիլ Օղլին ( ծնված՝ Ադրբեջանի Հանրապետությունում, ծառայում է Ադրբեջանի զինված ուժերի 2-րդ բանակային կորպուսի պահակակետում) 01.02.2022թ. ներգրավվել է որպես մեղադրյալ Արցախի հանրապետության քրեական օրենսգրքի 103-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 7-րդ, 14-րդ կետերով և 129-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով: 01.02.2022թ. նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: 03.02.2022թ. նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

18. 2020թ. նոյեմբերի 21-ին Ասկերանի շրջանի փառուխ գյուղի մի քանի բնակիչներ գնացել են Արմենակավան գյուղում տեղակայված Լ.Մովսիսյանին պատկանող առանձնատան գույքը տեղափոխելու, որտեղ ադրբեջանական զինծառայողները ծեծի են ենթարկել նրանց: 21.12.2020թ. հարուցվել է քրեական գործ՝ Արցախի Հանրապետության քրեական օրենսգրքի 416-րդ հոդվածի 1-ին մասով այն դեպքի առթիվ։

19. 10.01.2022թ., Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողների կողմից Նախիջևանիկ գյուղի մարտական դիրքից կրակահերթ է արձակվել նույն գյուղում գտնվող այգու աշխատողների ուղղությամբ: 17.01.2022թ. հարուցվել է քրեական գործ՝ Արցախի հանրապետության քրեական օրենսգրքի 33.103-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 14-րդ կետերով և 191-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով։