Պուտին․ ՌԴ-ն պատրաստ է ուկրաինական կողմի հետ երկխոսության
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ հեռախոսազրույցի ժամանակ բացատրել է Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության անցկացման համատեքստում ռուսական կողմի նպատակը, առաջադրանքներն ու մոտեցումները։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«Վլադիմիր Պուտինը շարադրել է Դոնբասի բնակչության պաշտպանության հարցով Ռուսաստանի հատուկ ռազմական գործողության անցկացման համատեքստում Ռուսաստանի սկզբունքային մոտեցումները, մանրամասն բացատրել է դրա նպատակներն ու առաջադրանքները, որոնք, անկասկած, կիրականացվեն»,- ասվում է հաղորդագրության մեջ։
ՌԴ նախագահը նաև ընդգծել է, որ Ռուսաստանը պատրաստ է ուկրաինական կողմի հետ երկխոսության՝ «պայմանով, որ ռուսական բոլոր պահանջները կատարվեն»։
«Հույս են հայտնել, որ բանակցությունների ծրագրված երրորդ փուլի ընթացքում Կիևի ներկայացուցիչները ողջամիտ և կառուցողական դիրքորոշում կզբաղեցնեն»,- հավելել է Կրեմլի մամուլի ծառայությունը, տեղեկացնում է News.am-ը։