Զելենսկին ՆԱՏՕ-ի գագաթաժողովը «թույլ» և «շփոթված» է անվանել

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նախօրեին մամուլի ասուլիսով էր հանդես եկել, որի ընթացքում մեկնաբանել էր Ուկրաինայի երկինքը չփակելու ՆԱՏՕ-ի որոշումը, փոխանցում է ՈՒՆԻԱՆ-ը։

Զելենսկին ՆԱՏՕ-ի գագաթաժողովը «թույլ» և «շփոթված» է անվանել:

«Մենք կարծում ենք, որ ՆԱՏՕ-ի երկրներն իրենք են մի նարատիվ ստեղծել, որ իբր Ուկրաինայի երկնքի փակումը կհրահրի Ռուսաստանի ուղիղ ագրեսիան ՆԱՏՕ-ի դեմ։ Դա այն մարդկանց ինքնահիպնոզն է, ովքեր թույլ են, ներքուստ անվստահ, թեև կարող են մի քանի անգամ ավելի հզոր զենք ունենալ, քան ունենք մենք: Դուք պետք է մտածեիք մարդկանց, մարդկության մասին։ Ինչի՞ մասին էիք մտածում այդ նիստին։ Բոլոր նրանք, ովքեր կզոհվեն այս օրվանից, կզոհվեն նաև ձեր պատճառով, ձեր թուլության պատճառով, ձեր միասնական չլինելու պատճառով»,- ասել է նա։

Նրա խոսքով՝ «այն ամենը, ինչ Դաշինքը կարողացել է անել այս պահի դրությամբ, Ուկրաինայի համար 50 տոննա դիզվառելիքի անցկացումն է գնումների իրենց համակարգով»։

«Հավանաբար՝ որպեսզի կարողանանք այրել Բուդապեշտի հուշագիրը, որ ավելի լավ վառվի: Բայց մեզ համար այն արդեն այրվել է ռուսական զորքերի կրակի մեջ։ Մի՞թե այսպիսի ՆԱՏՕ էինք մենք ուզում: Մի՞թե այսպիսի Դաշինք էիք կառուցում։ Դաշինքի ղեկավարությունն այսօր կանաչ լույս տվեց ուկրաինական քաղաքների և գյուղերի հետագա ռմբակոծմանը՝ հրաժարվելով ոչ թռիչքային գոտու սահմանումից։ Դուք կարող էիք փակել երկինքը: Բայց... ես չգիտեմ, թե ում կարող եք պաշտպանել և կարո՞ղ եք արդյոք պաշտպանել ձեր երկրները՝ Դաշինքի երկրները։ Մեզնից չեք պրծնի լիտրերով վառելիքով մեր մեկ լիտր արյան դիմաց, որը թափվեց մեր ընդհանուր Եվրոպայի, մեր ընդհանուր ազատության, մեր ընդհանուր ապագայի համար»,- ասել է Զելենսկին, տեղեկացնում է News.am։