Պեսկով. Աշխարհը չափազանց մեծ է, որպեսզի Եվրոպան կամ ԱՄՆ-ն մեկուսացնեն Ռուսաստանի նման երկրին

Եվրոպական մի շարք երկրների կամ ԱՄՆ-ի պատժամիջոցների ճնշումը չի կարող ապահովել Ռուսաստանի նման երկրի մեկուսացումը։ Այս մասին շաբաթ օրը լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Իհարկե, կա հարաբերությունների կասեցում, տնտեսական հարաբերությունների կրճատում, մի շարք պետությունների՝ եվրոպական երկրների, ԱՄՆ-ի, Կանադայի, Ճապոնիայի և մի շարք այլ երկրների կողմից տնտեսության մեջ տարբեր սահմանափակող միջոցների ներդրում։ Բայց դա Ռուսաստանի մեկուսացում չի նշանակում: Աշխարհը չափազանց մեծ է, որպեսզի Եվրոպան և Ամերիկան մեկուսացնեն որևէ երկիր, հատկապես՝ Ռուսաստանի պես մեծը»,- ասել է Կրեմլի մամուլի խոսնակը։

Պեսկովը նաև հայտնել է, որ Ռուսաստանի տնտեսությունում այժմ արտառոց իրավիճակ է։

Այժմ պատժամիջոցների պայմաններում ռուսական տնտեսությանն աջակցելու ծրագրեր են մշակվում, այդ թվում՝ ամենօրյա խորհրդակցություններ կառավարության և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

«Պլաններ են կազմվում: Այժմ բավականին օպերատիվորեն աշխատում է կառավարության շտաբը, որը ղեկավարում է վարչապետը։ Իհարկե, կան կանոնավոր, ամենօրյա խորհրդակցություններ նաև նախագահի հետ»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին՝ արդյո՞ք Կրեմլը ծանոթ է պլանի նախագծին։

Պեսկովի խոսքով՝ տնտեսության ներկայիս վիճակը կփոխարինվի տնտեսական բուռն աճով, իսկ օտարերկրյա ընկերությունները դեռ կվերադառնան ռուսական շուկա և շահագրգռված կլինեն լրացնել բաղ թողնվածը: «Ռուսաստանը եղել է, կա և կլինի օտարերկրյա բիզնեսի հետ փոխշահավետ հարաբերություններ փնտրող երկիր, որը ներդրումային գրավչության է ձգտում: Այո, հիմա դժվար է խոսել ներդրումային գրավչության մասին, բայց ժամանակներն արագ փոխվում են։ և այս ժամանակները կփոխարինվեն տնտեսական բուռն աճի ժամանակով»,- վստահեցրել է նա:

Պեսկովի խոսքով՝ կգա ժամանակ, երբ արտասահմանյան ընկերությունները «կրկին կվերադառնան ռուսական շուկա և առավել քան շահագրգռված կլինեն հետ բերել բաց թողածը և վերականգնել իրենց դիրքերը» , տեղեկացնում է News.am-ը։