Հերցոգն Իսրայելի առաջին նախագահն է, որը Թուրքիա է այցելել 2008 թվականից ի վեր

Այսօր Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը երկու երկրների միջև հարաբերությունների ամրապնդման շրջանակում հանդիպելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Անկարայի նրա պալատում։ Հերցոգը Իսրայելի առաջին նախագահն է, որը Թուրքիա է այցելում 2008 թվականից ի վեր, տեղեկացրել է իսրայելական «Детали» պարբերականը։

Հերցոգը ծաղկեպսակ կդնի թուրք ազգի հայր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի գերեզմանին, հետո կհանդիպի Էրդողանի հետ։ Օրվա երկրորդ կեսին երկու երկրների առաջնորդները Իսրայելի և Թուրքիայի հասարակությունների առջև հանդես կգան համատեղ հայտարարությամբ, որպեսզի հրապարակավ և հստակ արտահայտեն, որ երկկողմանի ձգտում են կարգավորման։ Ըստ գնահատականների՝ Հերցոգը կարող է օգտվել առիթից և Էրդողանին հրավիրել այցելել Իսրայել։

Փորձագետների կարծիքով՝ նախագահ Հերցոգի այցն Անկարա կարևոր քայլ է Իսրայելի և Թուրքիայի միջև հարաբերությունների աստիճանական սերտացման գործընթացում, որը տեղի է ունենում նոր կառավարության ձևավորման պահից։ Էրդողանը վաղուց աշխատում է այն ուղղությամբ, որպեսզի մոտենա Իսրայելին։ Վերջին ամիսներին նա քանիցս հրապարակային հաղորդումներ է փոխանցել ԶԼՄ-ներով, որ ցանկանում է հանդիպել նախագահ Հերցոգի հետ և կարգավորել թուրք-իսրայելական հարաբերությունները։ Այս քաղաքականությունը կապում են ծանր տնտեսական ճգնաժամի և տարածաշրջանի այլ երկրների, ներառյալ Պարսից ծոցի երկրների (որոնք ներկա պահին համարվում են Իսրայելի հավատարիմ գործընկերները) հետ հարաբերությունների բարելավման Էրդողանի քաղաքականության հետ։

Ի դեպ, Երուսաղեմում Էրդողանի այս հայտարարություններին որոշակի կասկածամտությամբ են վերաբերվում։ Վարչապետ Նաֆթալի Բենեթը նախկինում թերահավատորեն է վերաբերվել Թուրքիայի մտահղացումներին, բայց և այնպես, ասել է, որ կգործադրի բոլոր ջանքերը, որպեսզի կայունություն ապահովի Մերձավոր Արևելքում։ «Ես չեմ բացառում մեր նախագահի հանդիպումն Էրդողանի հետ,- ասել է նա «Հաարեց»-ի հարցազրույցում։- Ես պատրանքներ չունեմ Թուրքիայի հետ կապված։ Ես տեսել եմ, թե ինչ է տեղի ունեցել Գազայում ճգնաժամի պահերին։ Մենք լավ գիտենք ողջ դինամիկան», տեղեկացնում է News.am։