ԱՄՆ Կոնգրեսում հետաձգել են ՌԴ–ից էներգակիրների ներմուծման արգելքի օրինագծի քվեարկությունը
Politico–ն հայտնում է, որ ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատը Ռուսաստանից էներգակիրների ներմուծման արգելքի և Բելառուսի ու Ռուսաստանի հետ առևտրի սահմանափակման մասին օրինագծի քվեարկությունը տեղափոխել է չորեքշաբթի` մարտի 9–ը։
Պարբերականի տեղեկություններով` օրինագծի տեքստը դեռ մշակվում է։ Այն ենթադրում է, որ ամերիկյան կողմը պետք է միջոցներ ընդունի «առևտրի համաշխարհային կազմակերպությունում Ռուսաստանի կարգավիճակի վերանայման», ինչպես նաև նոր պատժամիջոցներ մտցնելու նպատակով։
Ավելի վաղ սպասվում էր, որ քվերակությունը կանցկացվի մարտի 8–ին։ Այն չկայացավ, քանի որ հանրապետականներն առարկություններ ունեին. նրանք դժգոհում էին, որ օրինագծի տեքստում չի ներառվել այն դրույթը, որի համաձայն ԱՄՆ–ն դադարեցնում է Ռուսաստանի և Բելառուսի հետ առևտրային նորմալ հարաբերությունները։ Ինչպես նշվում է նյութում` նշված կետը չի ներառվել, քանի որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը սկզբում ցանկացել է քննարկել այդ հնարավորությունը դաշնակիցների հետ։
ԱՄՆ նախագահը մարտի 8–ին արդեն իսկ հրամանագիր է ստորագրել, որով արգելվում է ՌԴ–ից էներգակիրների ներմուծումն ու նոր ներդրումները Ռուսաստանի էներգետիկ ոլորտում, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։