Դատախազությունը պահանջում է կալանավորել Արտակ Սարգսյանին՝ Սասուն Խաչատրյանի հորաքրոջ որդուն

Դատախազությունը պահանջում է կալանավորել ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ պետ Արտակ Սարգսյանին։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ հունվարի 20-ին ԱԱԾ ծառայողները բերման էին ենթարկել նրան, ապա՝ ձերբակալել:Ըստ նախաքննական մարմնի՝ Սարգսյանի գիտությամբ քրեակատարողական հիմնարկի երկու աշխատակիցներ խոշտանգման էին ենթարկել մեկ անձի: Վարույթն իրականացնող մարմինը Սարգսյանի և հիմնարկի երկու աշխատակցի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություններ էր ներկայացրել դատարան, որոնցից բավարարվել են երկուսը, իսկ ՔԿՀ պետի մասով դատարանը մերժել էր միջնորդությունը:

Դատախազությունը վերաքննիչ բողոք էր ներկայացրել՝ պահանջելով բեկանել առաջին ատյանի դատարանի որոշումը և Արտակ Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել կալանավորումը, սակայն Վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել առաջին ատյանի դատարանի որոշումը՝ մերժելով դատախազի բողոքը։

ՀՀ գլխավոր դատախազությունից «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեցին, որ Վերաքննիչ քրեական դատարանի որոշման դեմ վճռաբեկ բողոք է ներկայացվել։

Նշենք, որ ըստ մամուլի տեղեկությունների՝ չկալանավորված ՔԿՀ պետ Արտակ Սարգսյանը Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի հորաքրոջ որդին է: Ավելին, Սասուն Խաչատրյանի եղբայրն էլ ԲԴԽ անդամ Դավիթ Խաչատրյանն է, ու թերևս կարելի է ենթադրել, թե ինչու դատարանը հիմնարկի երկու աշխատակիցներին տարավ կալանքի, իսկ, ահա, ՔԿՀ պետ Արտակ Սարգսյանին համառորեն կալանքի չեն տանում: