2022-03-10 15:16
Լրատվական գործակալություններ
Բանակցություններն ավարտվեցին. Մոսկվան և Կիևը չկարողացան հրադադարի մասին համաձայնության գալ
Թուրքիայի Անթալիա քաղաքում ավարտվեցին Ռուսաստանի և Ուկրաինայի արտգործնախարարների բանակցությունները։ Սերգեյ Լավրովի և Դմիտրի Կուլեբայի հանդիպումը մեկուկես ժամ տևեց։
Լրագրողների հետ զրույցում ուկրաինացի նախարարն ասաց, որ չհաջողվեց հրադադարի մասին պայմանավորվածության հասնել։ Նա ասաց, որ բանակցությունները բարդ էին։
Ըստ Կուլեբայի` ռուս նախարարի հետ հանդիպմանը քննարկել են հումանիտար միջանցքների բացման և հրադադարի ռեժիմի հարցերը։ Նա հավելեց, որ Կիևը ռուսական կողմի հետ բանակցություններում փորձել է իրավիճակի շուրջ դիվանագիտական լուծումներ գտնել։
Նշենք, որ նախարարների հանդիպումը կազմակերպվել էր դիվանագիտական համաժողովի շրջանակում։ Հանդիպմանը մասնակցում էր նաև Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։