Ռուսաստանն ու Իրանը նոր որակի հարաբերություններ ամրագրող փաստաթղթեր են պատրաստում
Ռուսաստանն ու Իրանը փաստաթղթեր են պատրաստում, որոնք կամրագրեն երկու երկրների միջև գործընկերության նոր որակի հարաբերությունները։ Այս հայտարարությունն արել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը իրանցի գործընկերոջ` Ամիր Աբդոլլահիանի հետ բանակցություններում։
Նախարարն ընդգծել է, որ երկրների միջև ապրանքաշրջանառությունը, չնայած արտաքին գործոններին, կայուն աճում է։
«Ուրախալի է, որ չնայած բոլոր հայտնի գործոններին` մեր ապրանքաշրջանառությունը ռեկորդային տեմպերով կայուն աճում է` անցյալ տարի աճել է գրեթե 80 տոկոսով՝ գերազանցելով 4 միլիարդ դոլարը»,- ասել է Լավրովը։
Կողմերն անդրադարձել են նաև Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) վերսկսմանը
Իրանցի նախարարն իր հերթին շնորհակալություն է հայտնել Մոսկվային՝ ընդգծելով, որ Թեհրանը բարձր է գնահատում ԳՀՀԾ–ի վերականգնման և Իրանի դեմ պատժամիջոցների չեղարկմանն ուղղված ջանքերը։
«Ձեզ և ձեր գործընկերներին շնորհակալություն եմ հայտնում անօրինական պատժամիջոցները վերացնելու նպատակով համաձայնության հասնելու և շատ կառուցողական համագործակցության համար», - ասել է նա:
Աբդոլլահիանը հայտնել է նաև, որ իր գործընկերոջ հետ կքննարկի Ուկրաինայում, Աֆղանստանում, Եմենում, Սիրիայում տիրող իրավիճակը, կանդրադառնան միջազգային օրակարգի այլ հարցերի, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
Նշենք, որ Իրանի ԱԳՆ ղեկավարը Ռուսաստան է մեկնել պաշտոնական այցով։