Զելենսկին հասկացել է, որ ՆԱՏՕ-ի անդամ չեն դառնա
Ուկրաինան ՆԱՏՕ չի մտնի, ու պետք է ընդունել դա։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նման կարծիք է հայտնել Joint Expeditionary Force-ի երկրների ղեկավարների հանդիպմանը, որն անցկացվել է առցանց ձևաչափով։
«Տարիներ շարունակ մենք լսել ենք իբր բաց դռների մասին, բայց արդեն տեղեկացել ենք նաև, որ մենք այնտեղ չենք մտնի։ Դա ճշմարտություն է, որը պետք է ընդունել»,–ասել է նա:
Ուկրաինայի նախագահը հերթական անգամ ՆԱՏՕ-ին կոչ է արել փակել Ուկրաինայի օդը, սակայն միաժամանակ հավելել է, որ Կիևում հասկանում են, թե ինչ հետևանքների դա կարող է հանգեցնել: Դրա հետ մեկտեղ Զելենսկին «ինքնահիպնոս» է անվանել դաշինքի անդամների մտավախությունները 3–րդ համաշխարհային պատերազմի սպառնալիքի վերաբերյալ:
Նա այդ առումով կարծում է, որ Կիևին պետք են Արևմուտքի հետ փոխգործակցության նոր ձևաչափեր և անվտանգության առանձին երաշխիքներ, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։