Խրամորթ համայնքից կանայք և երեխաները այլ բնակավայրեր են տեղափոխվել

Ասկերանի շրջանի վարչակազմը հայտարարություն է տարածել, որում, ինչպես NEWS.am–ին տեղեկացնում են Արցախի Տեղեկատվական շտաբից, ասվում է

«Վերջին օրերին Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրականացվող սադրանքների պատճառով Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքից ժամանակավորապես այլ բնակավայրեր են տեղափոխվել գյուղի կանայք և երեխաները։ Տեղեկացնում ենք, որ նրանք դեռևս չեն վերադարձել հայրենի գյուղ, քանի որ իրականացվում են անվտանգային լրացուցիչ աշխատանքներ։

Այլ բնակավայրերի բնակիչների անվտանգության մասով որևէ նման խնդիր առկա չէ, և անհրաժեշտություն չկա լրացուցիչ նախազգուշական միջոցներ ձեռք առնել բնակչության կողմից:

ԱՀ Պաշտպանության բանակը և մնացած լիազոր մարմինները հետևում են իրավիճակին և, ըստ անհրաժեշտության, կձեռնարկեն անվտանգության համապատասխան միջոցառումներ»: