ՄԻՊ արագ արձագանքման խումբը Ներքին Հանդ է մեկնել
Մարդու իրավունքների պաշտպանի արագ արձագանքման խումբը Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղ է մեկնել։ Տեղեկությունը կառավարության նիստից հետո լրագրողներին հայտնեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը։
Հայտնել էինք, որ մարտի 15-ին Ներքին Հանդի գյուղապետ Խաչիկ Բաղդասարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել էր, որ Ադրբեջանի զինված ուժերն առաջացել են Ներքին Հանդ գյուղի մոտ։ ՊՆ–ն, սակայն, հերքել էր այս լուրերը։
«Մեր արագ արձագանքման խումբը կամ ճանապարհին է, կամ էլ արդեն տեղ է հասել։ Մեր հիմնական նպատակն է տեղում հասկանալ համայնքի բնակիչների կյանքի անվտանգության հարցը։ Բոլոր խնդիրները կարձանագրվեն»,–ասաց Գրիգորյանը։
Նա նշեց նաև, որ այս ընթացքում կապի մեջ է եղել նաև ՊՆ–ի և ՏԻՄ ներկայացուցիչների հետ։ Մարդու իրավունքների պաշտպանը Ներքին Հանդի առնչությամբ իր ուսումնասիրության հետևությունները և առաջարկությունը կներկայացնի առաջիկայում։
Իսկ հարցին, թե Գրիգորյանն ինքը չի նախատեսո՞ւմ Սյունիք այցելել, վերջինս պատասխանեց, որ ապրիլի սկզբին կայցելի։