Պետությունը պետք է իր ֆերմերներին 1 հա հողի համար 150 հազարական դրամ հատկացնի
Պետությունը պետք է իր ֆերմերներին 1 հա մշակովի հողի համար 150 հազարական դրամ (մոտ 300 դոլար-խմբ.) հատկացնի։ Այս մասին մարտի 17-ին կայացած քննարկման ժամանակ ասաց ՀՀ գյուղատնտեսության նախկին փոխնախարար, «Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ Սամվել Ավետիսյանը։
Դա, նրա խոսքով, կարող է լինել դիզվառելիքի, պարարտանյութերի, սերմացուի գնման համար սուբսիդավորման տեսքով՝ 50-60 տոկոս մակարդակով։ Նա համոզմունք հայտնեց, որ նման միջոցառումները կբարձրացնեն ֆերմերների եկամտաբերությունը։
«Միջոցներ կարելի է գտնել՝ կրճատելով այլ ուղղություններով ծախսերը: Առանց այս բարեփոխումների Հայաստանը կշարունակի մեծապես կախված մնալ նույն ցորենի ներկրումից: Մենք պետք է բարձրացնենք ինքնաբավության մակարդակը։ Ընդամենը 50 տոկոսով մշակվող ցանքատարածությունն ավելացնելու ամենագլխավոր խոչընդոտը բերքի ցածր եկամտաբերությունն է»,- նշեց Ավետիսյանը։
Փորձագետը հայտնեց, որ միջինում յուրաքանչյուր ֆերմերի հասնում է 0,5-ական հա հողատարածք, այն էլ՝ ամբողջությամբ չի օգտագործվում, այդ թվում՝ ոռոգման հետ կապված խնդիրների պատճառով, տեղեկացնում է News.am-ը։