Ժողովրդագրագետ․ Մենք ընդամենը մեկ տարի ենք ունեցել, որ միգրացիոն արդյունքը դրական է եղել

Տարածաշրջանում ծնելիության թվային գործակիցը նվազել է, բայց կոնկրետ Թուրքիայի և Իրանի պարագայում ծնելiության բացարձակ մակարդակը բարձր է։

Այս մասին այսօր Մեդիա կենտրոնում ասուլիսի ժամանակ հայտարարեց միջազգային անվտանգության և հայկական ինստիտուտի ասոցացված հարցերի փորձագետ, ժողովրդագրագետ Արտակ Մարկոսյանը` հարևան երկրների հետ համեմատելով ծնելիության և արտագաղթի մակարդակը։

«Կոնկրետ Թուրքիան և Պարսկաստանը 2021 թվականի տվյալներով տարեկան կտրվածքով մինչև 800 հազար բնական աճի ցուցանիշ են արձանագրում։ Ադրբեջանում նույնպես վերջին երկու տարին բավականին լուրջ ծնելիության անկում է եղել»,- ասաց Մարկոսյանը։

Դիտարկելով Հայաստան,Վրաստան,Ադրբեջան երկրների ցուցանիշն Արտակ Մարկոսյանը՝ նշեց, որ մեկ կնոջ հաշվով ծնելիության ամենաբարձր ցուցանիշը Վրաստանում է։

«Այդ տենդենցն ամբողջ աշխարհում է նկատվում, երբ ծնելիության գումարային ցուցանիշները նվազում են։ Բայց քանի որ մեր հարևանները նախորդ փուլերում ունեցել են շատ մեծ ծնելիություն՝ դրա հաշվին իրենք դեռևս կշարունակեն աճեն»,- բացատրեց փորձագետը՝ նշելով, որ Ադրբեջանը մինչև 2040 թիվը բնակչության թվաքանակը կաճի՝ « մինչև 2050 թվականը Ադրբեջանում կանխատեսվում է 11 միլիոն բնակչություն, Թուրքիայում՝ 98 միլիոն,իսկ Իրանում կլինի մոտավորապես 103 միլիոն, իսկ Վրաստանի բնակչությունը նվազելու է»։

Ժողովրդագրագետ Արտակ Մարկոսյանի կարծիքով ճիշտ է՝ պատկերը նվազող է տարածաշրջանում,բայց այն պետք է մեզ չանհանգստացնի, որովհետև մեր վիճակն ավելի վատ է։

«Ցավոք սրտի, 1992 թվականից ի վեր մենք ընդամենը մեկ տարի ենք ունեցել, որ միգրացիոն արդյունքը դրական է եղել։ Դա եղել է 2020 թվականին՝ ի շնորհիվ նրա,որ սահմանները փակ էին և գնալու որևէ տեղ չկար»,- ասաց Արտակ Մարկոսյանը՝ նշելով,որ մեր առաջնահերթ խնդիրներից մեկը արտագաղթի կանգնեցնումն է և զրոյական վիճակի բերելը, տեղեկացնում է A1Plus.am։

Հիշեցնենք՝ փորձագետները ներկայացնում էին Հայաստանի ժողովրդագրական պատկերը՝ միգրացիոն ներհոսքի պայմաններում։