Իրանի նավթի նախարար․ Թեհրանը պատրաստ է աջակցել Ռուսաստանին պատժամիջոցների պայմաններում
Իրանը պատրաստ է աջակցել Ռուսաստանին և կոոպերացիան զարգացնել ավելի ինտենսիվ ռեժիմով։ Այս մասին հայտարարել է Իրանի նավթի նախարար Ջավադ Օուջին ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակի հետ հանդիպման ժամանակ։
«Ռուսաստանը մեր կողքին էր, երբ մենք հայտնվեցինք պատժամիջոցների տակ, ուստի այսօր մենք մեր պարտականությունն ենք համարում լինել Ռուսաստանի կողքին այս դժվար պայմաններում և օժանդակություն ցուցաբերել»,- հավաստիացրել է նա։ «Մեր հանդիպման նախօրեին հաջողությամբ տեղի ունեցան Ռուսաստանի և Իրանի ԱԳՆ ղեկավարների բանակցությունները։ Դրանց արդյունքները մեծ նշանակություն կունենան երկրների երկկողմ հարաբերությունների ամբողջ համալիրի համար։ Հաստատվել է հարաբերությունների նոր մակարդակ ապահովելու կողմերի ձգտումը։ Ռուսական կողմի համար կարևոր է Ռուսաստանի հետ համագործակցությունը զարգացնելու Թեհրանի պատրաստակամությունը՝ չնայած հավաքական Արևմուտքի հակառուսական սահմանափակումներին»,- նշել է Ալեքսանդր Նովակը։
Ընդ որում՝ փոխվարչապետը նշել է վառելիքաէներգետիկ համալիրի կարևոր դերը երկրների գործնական հարաբերություններում։
«Վառելիքաէներգետիկ ոլորտում համատեղ նախագծերի իրականացումը հիմք կստեղծի կից ճյուղերի և մեր աշխատանքի ուղղությունների հետագա զարգացման համար։ Զգալի ավանդ է ներդնում բազմակողմ ձևաչափով համագործակցությունը ՕՊԵԿ+ և Գազ արտահանող երկրների համաժողովի շրջանակներում։ Անկասկած, լարված աշխարհաքաղաքական իրավիճակն իր հետևանքները կունենա, բայց կցանկանայի ուշադրություն հրավիրել այն բանի վրա, որ Ռուսաստանը հավատարիմ է գործընկերների առջև իր պայմանագրային պարտավորությունների կատարմանը, և էներգակիրների մատակարարումները կմնան կայուն»,- ընդգծել է Նովակը։
Այցի շրջանակում Օրուջին հանդիպել է նաև Ռուսաստանի էներգետիկայի նախարար Նիկոլայ Շուլգինովի հետ։ Կողմերը քննարկել են երկու երկրների համագործակցության ուղիները վառելիքաէներգետիկ համալիրի ոլորտում։ Հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել նաև «Հյուսիս – Հարավ» էներգետիկ միջանցքի հեռանկարներին՝ Ադրբեջան – Իրան – Ռուսաստան ձևաչափով։
«Չնայած արտաքին գործոններին՝ մեր երկկողմ տնտեսական համագործակցությունը շարունակում է հաջող զարգանալ»,- նշել է Շուլգինովը՝ ավելացնելով, որ Ռուսաստանը տրամադրված է բոլոր համատեղ նախագծերի հետևողական իրականացմանը, տեղեկացնում է News.am-ը։