«ԱՌԱՆՑ ՆԱԽԱՊԱՅՄԱՆՆԵՐԻ» և ՊԱՅՄԱՆՆԵՐԻ

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը երկուշաբթի օրը ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստի ժամանակ մեկնաբանել է Անթալիայում տեղի ունեցած դիվանագիտական համաժողովը, որի շրջանակներում հանդիպում է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ, հաղորդում է ԱՌԿԱ-ն:

«Մևլութ Չավուշօղլուի հետ մեր հանդիպման ժամանակ մենք քննարկեցինք հարաբերությունների կարգավորման հետագա գործընթացը և վերահաստատեցինք մեր պատրաստակամությունը առաջ մղելու այդ գործընթացն առանց նախապայմանների, որպեսզի վերջնարդյունքում այն պսակվի երկու երկրների միջև հարաբերությունների հաստատմամբ և սահմանների բացմամբ»,- ասել է Միրզոյանը:

ԲԱՅՑ ԱՆՀՆԱՐ Է ԼՌԵԼ. «առանց նախապայմանների» սերտած ձեվակերպումը ապշեցնում է իր անհեթեթությամբ։ Իրականում չկարգավորված հարաբերությունների կարգավորման գործընթացը ոչ այլ ինչ է, քան փոխզիջումային լուծումների որոնում՝ հենց կողմերի առաջ քաշած նախապայմանների մեղմացման տեսանկյունից։ Դա հետևյալ տեսքն ունի. մենք կհամաձայնենք X-ին, եթե դուք համաձայնեք Y-ին: Իսկ նախապայմանների բացակայությունը նշանակում է, որ կողմերից մեկը կամ մյուսը չունի հստակ դիրքորոշում: Կամ էլ նրանց միջև առհասարակ տարաձայնություններ չկան։ Այդ դեպքում ի՞նչն են ընդհանրապես կարգավորում։ Ամեն ինչ առանց այդ էլ կարգին է։ Կարելի է վաղն ևեթ ազդարարել գործընթացի ավարտ և սահմանների բացում։ Բայց

Որքան էլ Արարատ Միրզոյանը փորձի կոծկել թեման, Անկարայի նախապայմանները հայտնի են։ Դա և՛ հայկական կողմին Ադրբեջանի արած առաջարկներն են՝ բաղկացած 5 կետից, և՛ Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացն առաջ մղելուց Երևանի հրաժարումը, և՛ շատուշատ այլ բաներ։ Մինչդեռ Երևանի նախապայմանները հայտնի չեն։ Եվ ոչ այն պատճառով, թե դրանք թաքցնում են։ Դրանք պարզապես չկան։

Ասենք, այսօր հայ-թուրքական երկխոսության շատ ավելի արդիական հարց են ոչ թե նախապայմանները, այլ այն պայմանները, որոնց պարագայում դա ընթանում է։ Իսկ ընթանում է այն (երկխոսությունը) աշխարհի սրընթաց փոփոխման պայմաններում։ Ակնհայտ է, որ սկսվել է աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական տարածքում բաժանարար նոր գծերի ձևավորման գործընթաց։ Իսկ դուք շարունակում եք հին երգերը ծոր տալ։ Ընդ որում՝ հակազգային, հակահայկական, արդեն բավական հնացած երգեր։

Դեռ նախքան ռուսական հատուկ գործողության մեկնարկը հայկական կողմը ոչ մի կերպ չէր կարողանում բացատրել, թե ինչ շահաբաժիններ կարող է բերել Հայաստանին հաղորդակցությունների բացումը Թուրքիայի հետ՝ մասնավորապես, և ողջ տարածաշրջանում՝ ընդհանրապես։ Հայկական իշխանության ներկայացուցիչները մերթ խոսում էին այն մասին, թե իբր՝ եթե ապաշրջափակվեն Ադրբեջանի և Թուրքիայի հետ կապուղիները, ապա դա երկու տարվա ընթացքում Հայաստանին կբերի ՀՆԱ-ի 30-տոկոսանոց աճ։ Հետո հաղորդեցին, որ ընդհանրապես այդ թեմայով ոչ մի հետազոտություն չի կատարվել, բայց ճանապարհների բացման բուն փաստը միանշանակ հսկայական օգուտ կբերի Հայաստանի տնտեսությանը։

Մինչդեռ արդեն մեկ ամիս է, ինչ աշխարհում տեղի են ունենում տեկտոնական շարժեր, որոնց մեկնարկ տվեց Ռուսաստանի հատուկ ռազմական գործողությունն Ուկրաինայում։ Ընդհանրապես աշխարհի և մասնավորապես մեր տարածաշրջանի ապագա ճարտարապետությունը պատված է աննախադեպ մշուշով։ Այժմ փոխվում է միջազգային քաղաքականությունը, փոխվում է գլոբալ տնտեսությունը, խզվում են լոգիստիկ շղթաները։ Թե ինչպիսին կդառնա աշխարհը տեսանելի ապագայում, ոչ ոք չգիտի, բայց պաշտոնական Երևանը շարունակում է հիմնազուրկ կերպով վստահություն արտահայտել, թե իբր՝ ինչպիսին էլ լինի աշխարհը վաղը, Հայաստանի և Թուրքիայի միջև հաղորդակցության բացումը միանշանակ օգուտներ է խոստանում մեզ։ Եվ, ըստ էության, հանուն առավել քան երբևէ կասկածելի այդ շահի, հայկական իշխանությունը շարունակում է ակտիվորեն մասնակցել հայ-թուրքական կարգավորման չարաբաստիկ գործընթացին, որի մեջ խրվել է՝ անտեսելով Հայաստանի ազգային և պետական շահերին սպառնացող ահռելի ռիսկերը։

Ակնհայտ է, որ Երրորդ համաշխարհային պատերազմի նախաշեմին պարզապես անմտություն է «խաղաղության դարաշրջանի» մասին ճամարտակելն առանձին վերցրած տարածաշրջանում։ Ակնհայտ է, որ աշխարհի քաղաքական քարտեզի վրա բաժանարար նոր գծերի ձևավորման խորապատկերին Թուրքիայի պես հարևանի հետ սիրախաղն առավել քան վտանգավոր է Հայաստանի համար։ Ակնհայտ է նաև, որ եթե նախկինում հայկական կողմը չէր կարողանում հստակ ձևակերպել իր շահը սահմանների բացման և հաղորդակցությունների ապաշրջափակման գործում, ապա այժմ առավելևս չի կարող դա անել։ Պայմանները ներկայումս ակնհայտորեն այն չեն։ Անկախ նրանից՝ առկա են արդյոք նախապայմաններ հայ-թուրքական երկխոսության համատեքստում, թե ոչ։