Ծովագյուղի և Սեմյոնովկայի բնակիչները փակել են Երևան-Սևան մայրուղին
Ծովագյուղի և Սեմյոնովկայի բնակիչները երկկողմանի փակել են Երևան-Սևան մայրուղին և հանդիպում են պահանջում Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի հետ։
NEWS.am-ի հետ զրույցում բնակիչներից մեկն ասաց, որ ակցիան խաղաղ է։ Տեղում նաև ոստիկաններ կան։
«Պահանջում ենք, որ նախարարը գա և մեր խնդրին լուծում տա։ Մենք ընտրություններով դեմ էինք արտահայտվել խոշորացմանը և սպասում էինք, որ մեզ կարձագանքեն, մեր խնդրին լուծում կտան, բայց ինչպես տեսանք՝ չլուծվեց։ Հիմա բնակիչները որոշել են ճանապարհը փակել, որպեսզի հարցը լուծվի»,– ասաց մեր զրուցակիցը։
Նշենք, որ այս երկու գյուղերի բնակիչները դեմ էին խոշորացմանը և դեկտեմբերի 5–ին տեղի ունեցած Սևան խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրություններին չէին մասնակցել։
Բնակիչները սպասում էին Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության որոշմանը, որով պարզ կդառնա իրենց համայնքների ճակատագիրը։ Մինչդեռ նախարարությունից NEWS.am-ի հետ զրույցում նշել էին, որ այս համայնքների համար որևէ այլընտրանքային լուծում չի քննարկվում։
«Ծովագյուղ և Սեմյոնովկա գյուղերը իրավաբանորեն համարվում են խոշորացված համայնքներ՝ Սևան համայնքի կազմում, որևէ այլընտրանքային լուծում այդ համայնքների մասով առհասարակ չի քննարկվում»,– ասել էր Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի մամուլի խոսնակ Սոնա Հարությունյանը։