Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Անատոլի Չուբայսը հրաժարական է տվել

ՌԴ նախագահի կայուն զարգացման հարցերով հատուկ ներկայացուցիչ Անատոլի Չուբայսը հրաժարական է տվել, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է նախագահի կլիմայի փոփոխության հարցերով հատուկ ներկայացուցիչ Ռուսլան Էդելգերիևը։

«Իսկապես, Անատոլի Բորիսովիչի ներկայացուցիչները հաստատել են, որ նա լքում է նախագահի հատուկ ներկայացուցչի պաշտոնը։ Չեմ կարծում, որ պաշտոնը լքելու նրա որոշումը որևէ կերպ կազդի մեր երկրում կլիմայական օրակարգի զարգացման վրա»,- ասել է Էդելգերիևը։

Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Չուբայսն աշխատանքից իր կամքով է ազատվել, հեռացել է նա Ռուսաստանից, թե ոչ, դա իր անձնական գործն է։

Ավելի վաղ Bloomberg-ը, հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ Չուբայսն ազատվել է կայուն զարգացման նպատակներին հասնելու համար միջազգային կազմակերպությունների հետ հարաբերությունների հարցերով նախագահի հատուկ ներկայացուցչի պաշտոնից և հեռացել է Ռուսաստանից՝ Ուկրաինայում ռազմական գործողության հետ անհամաձայնության պատճառով, տեղեկացնում է News.am։