Աշոտ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ. ՀԻՆԳԵՐՈՐԴ ԳԱՐՈՒՆՆ Է՝ ՄԵՆՔ ԳՆՈՒՄ ԵՆՔ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՎԵՐՋՆԱԿԱՆ ԿՈՐԾԱՆՄԱՆ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Առատ տեղումները գյուղատնտեսության համար որոշակի չափով կմեղմացնեն ոռոգման ջրի խնդիրը։ «Փաստինֆո»-ի եթերում հայտարարել է գյուղատնտես, գյուղատնտեսության նախկին փոխնախարար Աշոտ Հարությունյանը։

 

Նա խնդրում, հորդորում է պատասխանատուներին ճիշտ կառավարել ջրամբարները, կուտակել հնարավորինս մեծ քանակությամբ ջուր, քանի որ այդ պաշարները միայն այս տարվա համար չեն։

«Մենք չգիտենք, թե հաջորդ տարիներին ինչ անակնկալներ կանի բնությունը։ Ավելին ասեմ, ունեմ տեղեկություններ, որ այս պահին կան ջրամբարներ, որտեղից ջրի բացթողում է տեխնիկական անսարքության պատճառով։ Պետք է փականները վաղուց կարգի բերված լինեին։ Ուղղակի խնդրում եմ՝ ուշադիր լինեն, որ մենք ամեն տարվա պես ջրի խնդրի առաջ չկանգնենք»,-ասաց մասնագետը։

Անդրադառնալով կառավարության՝ գյուղատնտեսներին աջակցության ծրագրին, որը նախատեսում է սուբսիդավորում պարարտանյութի, դիզվառելիքի համար, Հարությունյանն ասաց՝ այն դարձել է ոչ թե խնդիր կարգավորող, այլ ևս մեկ խնդիր։

«Քանի որ անցած տարին գյուղատնտեսության համար շատ վատն էր, կարելի է ասել երաշտ էր, դրա հետևանքով հացահատիկի, մշակաբույսերի խնդիր առաջացավ։ Ոլորտի քաղաքականություն մշակող մարմինը պետք է մտածեր այս տարվա գարնանացանի մասին։ Սերմի խնդիրը կա, դրան գումարած ագրոքիմիկատների, դիզվառելիքի թանկացումները, լոգիստիկ խնդիրները, ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով սրանց ավելացավ նաև պարենային անվտանգության խնդիրը։ Ես բազմիցս խնդրեցի, աղաչեցի, որ պետք է ամեն ինչ անել ճիշտ գարնանացան իրականացնելու համար։ Համար առաջին խնդիրը սերմացուի ապահովումն էր»,-մանրամասնեց գյուղատնտեսը։

Հարությունյանը նշեց, եթե կային միջոցներ, ապա պետք էր առաջին հերթին լուծել սերմացուի խնդիրը, ապա երկրորդ փուլով նոր կարգավորեր պարարտացման հարցը։

«Հիմա ուշացած՝ մարտի 3-ին կառավարության նիստում այդ որոշումն են ընդունել»,-ասաց գյուղատնտեսը՝ նկատելով, որ Լարսի փակ լինելու հետևանքով այս տարի պարարտանյութ գրեթե չի մտել Հայաստան։

Անդրադառնալով կառավարության աջակցության ծրագրին, ըստ որի մեկ հա մշակաբույսի համար նախատեսված է տրամադրել մինչև 500 կգ պարարտանյութ, Աշոտ Հարությունյանն ընդգծեց.

«Սա հին ցավ է, որը կրկնվում է ավելի դաժան ձևով։ Սրա մասին բարձրաձայնել եմ, չի կարելի հանրապետության բոլոր հողերը պարարտացնել միակողմանի ազոտական պարարտանյութով, քանի որ այն առաջացնում է հողի բերրության անկումից սկսած մինչև մարդու առողջության խնդիր։ Տեսեք աբսուրդը որտեղ է, մի կողմից պետությունը խրախուսում է օրգանիկ, կանաչ գյուղատնտեսությունը, մյուս կողմից մեկ հա-ին մինչև 500 կգ ազոտական պարարտանյութ է նախատեսում, ինչը սարսափելի բարձր չափաբաժին է, առավել ևս երբ այն միակողմանի է։ Գիտափորձեր կան, ապացուցաված բան է, միայն ազոտական պարարտանյութով պարարտացումն իջեցնում է բույսերի պաշտպանվածությունը տարբեր հիվանդությունների նկատմամբ»։

Գյուղատնտեսն անդրադարձավ նաև պարենային անվտանգության խնդրին, նշելով, որ հացահատիկը դարձել է բարձրարժեք մշակաբույս, ցորենի ինքնաբավության մակարդակը հասել է 23-24.5 տոկոսի, ինչը շատ վատ ցուցանիշ է։

«Կառավարության ներկայացուցիչներն ասում են՝ սով չի լինի։ Հա հասկացանք, սովամահ չենք լինի, հաց չլինի, ծիրան կուտենք, խաղող կուտենք, բայց պարենային անվտանգության խնդիր կա, սննդամթերքի ֆիզիկական մատչելիություն չկա։ Եթե բրինձի մեկ կգ-ն 1500 դրամ է, ապա այն մատչելի չէ»,-նշեց նա։

Մասնագետի խոսքով, արդեն հինգերորդ գարունն է՝ Հայաստանում գնում են գյուղատնտեսության վերջնական կործանման, մինչդեռ այդ գործընթացը պետք է կանգնեցվի։

Մանրամասները՝ տեսանյութում։