Տիգրան Աբրահամյան․ Արցախում գազի խնդրի հետևանքով տրանսպորտի գինը մի քանի անգամ աճել է
Արցախում ստեղծված իրավիճակով պայմանավորված` այսօր տրանսպորտի գինը մի քանի անգամ աճել է։ Խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ նման հայտարարություն արեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Շատերի մոտ տպավորություն կա, թե գազամատակարարումը միայն ջեռուցման խնդիր է լուծում։ Սակայն գազի բացակայության հետևանքով ճգնաժամի մեջ են հայտնվել մանկապարտեզները, դպրոցները, հիվանդանոցները և արտադրությունները»,–ասաց Աբրահամյանը։
Նրա խոսքով` ստեղծված իրավիճակը շատ ավելի խորացման և բարդացման միտումներ ունի։ Աբրահամյանը կարծում է, որ Արցախում միայն գազամատակարարման խնդիրը չէ` կան մի շարք կարևոր այլ հարցեր, որոնց կուտակումը կարող է բերել 2 հետևանքի` Արցախի հայաթափմանն ու նոր պատերազմի։
Աբրահամյանը հավելեց, որ ռուս-ուկրաինական ճգնաժամը և Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները յուրաքանչյուրն իր մասով հետագայում ռազմական գործողությունների նշմարում է։ Այսինքն` մեր շուրջ գործընթացներ են ընթանում, որոնք որոշակի ժամանակ հետո կարող են պատերազմական գործողությունների իրական վտանգ ստեղծել, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։