Հայաստանում միայնակ մայրերի վերապատրաստման ծրագիր կիրականացվի
Առաջիկա օրերին մենք կհայտարարենք տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով միայնակ մայրերի վերապատրաստման նոր ծրագրի մասին՝ նրանց զբաղվածության խնդրի լուծման նպատակով։ Այս մասին մարտի 24-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։
Նա պարզաբանեց, որ ծրագիրը պիլոտային է և կիրականացվի Շիրակի մարզում՝ սահմանափակ թվով մարդկանց համար, սակայն ապագայում ծրագիրը կարող է ընդլայնվել։
Նրա խոսքով՝ Հայաստանում կանանց իրավունքների հետ կապված իրավիճակը շատ երկրների համեմատ վատ չէ. «Դա, օրինակ, վերաբերում է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին և կանանց ներկայացվածությանը խորհրդարանում։ Մենք շարունակելու ենք աշխատել կանանց նկատմամբ խտրականության վերացման ուղղությամբ»,- ասաց Մկրտչյանը։
Նախարարը հայտնեց, որ Հայաստանում կարող է «ՄԱԿ - կանայք» գրասենյակ բացվել։ «ՄԱԿ-ում արդեն այդ հարցը քննարկելու պատրաստակամություն են հայտնել»,- եզրափակեց նա, տեղեկացնում է News.am-ը։