Հակասում է ավանդույթին․ եկեղեցին հորդորում է Ծառուկյանին զերծ մնալ Հիսուսի արձանի նախագծից

Հայ առաքելական եկեղեցին հանդես է եկել հայտարարությամբ, որով հորդորում է Գագիկ Ծառուկյանին զերծ մնալ Հիսուս Քրիստոսի արձանի պատրաստումից։

Նշվում է, որ նման արձանը հակասում է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու ավանդույթին։

«Եկեղեցին ընդունելի չի համարում մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի արձանի տեղադրումը՝ նկատի առնելով, որ այն հարիր չէ Հայ եկեղեցու դարավոր պատկերագրական և պաշտամունքային ավանդույթին», - ասվում է հայտարարության մեջ։

Փոխարենը ՀԱԵ-ն ընդունելի է համարում մեր փրկիչ Տիրոջ հարթաքանդակի կառուցումը՝ «Ամենափրկիչ» խաչքարերի սկզբունքով:

Հայաստանում Հիսուսի արձան տեղադրելու մասին Ծառուկյանը տեղեկացրել էր հունվարի 14-ին և ընդգծել, որ նախագծի իրականացման համար մրցույթ է հայտարարում, որի ընդունման վերջնաժամկետը փետրվարի 20-ն էր, տեղեկացնում է Sputnik Արմենիա։

Նշենք, որ ԲՀԿ առաջնորդի ցանկությամբ՝ միայն արձանը` առանց պատվանդանի, պետք է լինի 33 մետր։