Քրիստին Լագարդ․ Ներկայումս չկա որևէ ապացույց, որ Եվրոպան դեպի ստագֆլյացիա է գնում

Ներկայումս չկա որևէ ապացույց, որ Եվրոպան գնում է դեպի ստագֆլյացիա, որը բարձր ինֆլյացիայի, ոչ մեծ տնտեսական աճի կամ դրա բացակայության և գործազրկության բարձր մակարդակի համադրությունն է: Այս մասին հայտարարել է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահ Քրիստին Լագարդը, հայտնում է AP-ն։

Նրա խոսքով՝ ներկայումս «մենք չունենք ստագֆլյացիան բնութագրող երկու տարր»՝ ձգձգվող ռեցեսիա և շարունակական ինֆլյացիա։

Լագարդն ասել է, որ թեև ինֆլյացիան այս տարի «անկասկած» կաճի վառելիքի և պարենային ապրանքների բարձր գների պատճառով, բանկը չի կանխատեսում, որ այն կշարունակի աճել և ի վերջո կնվազի մինչև «2 տոկոսի մեր թիրախը»:

Եվրոպական կենտրոնական բանկի ղեկավարը հայտարարել է, որ ուկրաինական ճգնաժամի պատճառով պայմանները «խիստ անկայուն» են մնում, և բանկը մշտապես վերանայում է տարբեր սցենարներ, թե ինչի կարող են հանգեցնել իրադարձությունները։

Նա վստահություն է հայտնել, որ բանկը մինչև հունիսին կառավարման խորհրդի պլանավորված նիստը կվերլուծի տվյալները՝ իրավիճակը վերագնահատելու համար, տեղեկացնում է News.am։