Ալիև․ Հայաստանի հետ խաղաղության պայմանագիրը պետք է ստորագրվի սեղմ ժամկետներում

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հույս ունի, որ Հայաստանի վարչապետ Փաշինյանի հետ առաջիկա հանդիպումը՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի մասնակցությամբ, արդյունավետ կլինի։ Այս մասին նա ասել է ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի արտգործնախարար Զբիգնև Ռաուի հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է Turan-ը։

«Մենք պետք է առաջ շարժվենք դեպի խաղաղություն, որի շուրջ պայմանագիր պետք է կնքվի Ադրբեջանի և Հայաստանի միջև սեղմ ժամկետներում»,- ասել է Ալիևը։

Նրա խոսքով՝ հայկական կողմը հայտարարում է, որ ընդունում է Բաքվի առաջարկները, և դա լավ նշան է։ «Սա շատ լավ է, և ես հուսով եմ, որ իրավիճակը կպարզվի Բրյուսելում»,- ասել է Ալիևը։

Իր հերթին, Ռաուն հակամարտության շուտափույթ կարգավորման հույս է հայտնել՝ ներկայիս իրավիճակը խոստումնալից անվանելով, տեղեկացնում է News.am։