Հնդկաստանը պատրաստ է ավելացնել ՌԴ-ից նավթի մատակարարումները
Հնդկաստանը պատրաստ է ավելացնել Ռուսաստանից նավթի մատակարարումները և ընդլայնել ազգային արժույթով փոխադարձ հաշվարկները։ Այս մասին հայտարարել է Նյու Դելիում Ռուսաստանի դեսպան Դենիս Ալիպովը, հաղորդում է «Интерфакс»-ը։
«Ինչ վերաբերում է ածխաջրածինների մատակարարմանը, կարծում եմ, որ մատակարարումը և մեր համագործակցությունն այս ոլորտում կարող է մեծանալ։ Հնդիկներին դա հետաքրքրում է»,- ասել է նա «Россия-24»-ի եթերում։
Ալիպովը նշել է, որ Ռուսաստանը հումք է առաջարկում զգալի զեղչով, իսկ Հնդկաստանի համար այժմ ձեռնտու է ածխաջրածիններ գնելը։
«Հնդիկները հաստատ բաց չեն թողնի այս հնարավորությունը»,- ասել է ՌԴ դեսպանը։
Նա նաև նշել է, որ լայնածավալ պատժամիջոցները չեն ազդել երկու երկրների համագործակցության վրա։
Մոսկվան և Դելին մտադիր են նաև ընդլայնել հաշվարկային մեխանիզմի կիրառումը ազգային արժույթներով, ասել է Ալիպովը, տեղեկացնում է News.am-ը։