Դավիթ Բաբայան․ ԼՂՀ-ում գնահատում են խաղաղության պահպանմանն ուղղված հանդիպումները
Լեռնային Ղարաբաղում գնահատում են ցանկացած հանդիպում, քանի որ Ստեփանակերտը կարծում է, որ դրանք կարող են այսպես թե այնպես նպաստել կայունության և խաղաղության պահպանմանը մեր տարածաշրջանում։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը՝ մեկնաբանելով Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի առաջիկա հանդիպումը։
Նախարարը խորհուրդ է տվել սպասել առաջիկա հանդիպման արդյունքներին՝ նշելով, որ ղարաբաղյան կողմը կողջունի տարածաշրջանային կայունության պահպանմանն ու ամրապնդմանը միտված դիսկուրսը։
«Այնուամենայնիվ, մենք Ղարաբաղում ամեն օր մեզ վրա զգում ենք Ադրբեջանի ներկայիս քաղաքականությունը։ Մենք տեսնում ենք այն և որևէ փոփոխություն չենք նկատում, հատկապես՝ Բաքվի հայատյաց պահվածքի մասով»,- ընդգծեց արտգործնախարարը։