Փաշինյանն ու Ալիևը ԱԳ նախարարներին հանձնարարելու են խաղաղության փաստաթուղթ պատրաստել
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն ընդունել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևին՝ Հարավային Կովկասի տարածաշրջանում իրավիճակի շուրջ քննարկումները շարունակելու և երկու երկրների հետ ԵՄ հարաբերությունները զարգացնելու նպատակով։ Այս մասին ասված է Եվրոպական խորհրդի ղեկավարի հայտարարության մեջ։
«Նախագահ Միշելը հաստատել է Հայաստանի և Ադրբեջանի հետ համագործակցությունը խորացնելու ԵՄ-ի հանձնառությունը՝ լարվածությունը հաղթահարելու և անվտանգ, կայուն, խաղաղ ու բարգավաճ Հարավային Կովկասի առաջխաղացման համար, ի շահ տարածաշրջանում ապրող բոլոր մարդկանց:
Ղեկավարներն ամփոփել են զարգացումները 2021 թվականի դեկտեմբերին Բրյուսելում իրենց վերջին հանդիպումից հետո և 2022 թվականի փետրվարին նախագահ Մակրոնի հետ տեսակոնֆերանսից հետո: Նրանք վերանայել են իրենց վրա վերցրած պարտավորությունների կատարման առաջընթացը: Նրանք քննարկել են լարվածության մասին վերջին հաղորդումները և հաստատել են 2020 թվականի նոյեմբերի 9/10-ի եռակողմ հայտարարության պայմանների լիարժեք պահպանման անհրաժեշտությունը։ Նրանք ողջունել են 2022 թվականի մարտի 30-ին Բրյուսելում ԵՄ հովանու ներքո Հայաստանի և Ադրբեջանի բարձրաստիճան ներկայացուցիչների հանդիպումը և համաձայնել են այդ փոխգործակցության շարունակման անհրաժեշտության հետ՝ առաջնորդների մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների համարժեք իրականացումն ապահովելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Եվրոպական խորհրդի ղեկավարն ընդգծել է երկու կողմերի մարդասիրական ժեստերի կարևորությունը՝ «վստահության ամրապնդման և խաղաղ գոյակցության համար»։
«Նա ընդգծել է չլուծված բոլոր հումանիտար խնդիրների ամբողջական և արագ լուծման անհրաժեշտությունը, ներառյալ կալանքի տակ մնացածների ազատ արձակումը և անհետ կորածների խնդրի համակողմանի լուծումը, և հայտարարել է, որ ԵՄ-ն պատրաստ է աջակցել այդ ջանքերին։ ԵՄ-ն նաև կշարունակի աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև վստահության ամրապնդման միջոցառումներին, ինչպես նաև հումանիտար ականազերծման ջանքերին, ներառյալ փորձագիտական խորհրդատվությունների տրամադրումը և ֆինանսական օգնության ավելացումը, ինչպես նաև օգնությունը հակամարտությունից տուժած բնակչությանը, նրանց ռեաբիլիտացիային և վերականգնմանը»,- ասվում է հայտարարության մեջ։
Շառլ Միշելը նշել է ինչպես Ալիևի, այնպես էլ Փաշինյանի կողմից հայտարարված՝ արագորեն դեպի իրենց երկրների միջև խաղաղության համաձայնագիրը շարժվելու ցանկությունը, ասվում է հայտարարության մեջ։ Այդ նպատակով որոշվել է արտաքին գործերի նախարարներին հանձնարարել աշխատել ապագա խաղաղության պայմանագրի նախապատրաստման վրա, որում կդիտարկվեն բոլոր անհրաժեշտ հարցերը։
«Կարևոր նշանակություն կունենա երկկողմ սահմանազատումն ու սահմանագծումը։ Այդ նպատակով, 2021 թվականի նոյեմբերի 26-ի Սոչիի հայտարարության համաձայն, որոշվել է նաև մինչև ապրիլի վերջը Սահմանային համատեղ հանձնաժողով գումարել։ Սահմանային համատեղ հանձնաժողովի մանդատը լինելու է հետևյալը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև երկկողմ սահմանի զատումը և սահմանի երկայնքով ու մերձակայքում կայուն անվտանգության իրավիճակի ապահովումը»,- ասվում է հայտարարության մեջ։
Միշելը նաև ընդգծել է, որ ուժերի միջև համապատասխան հեռավորության պահպանումը միջադեպերի կանխման և լարվածությունը նվազեցնելու կարևոր տարր է։ Նա հաստատել է խորհրդատվություններ և աջակցություն տրամադրելու ԵՄ-ի պատրաստակամությունը։
«Առաջնորդները քննարկել են նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև կապի/կապող միջոցների ենթակառուցվածքի վերականգնման հարցը մասնավորապես և Հարավային Կովկասում ընդհանրապես։ Նախագահ Միշելը ողջունել է երկաթուղային գծերի վերականգնմանն ուղղված քայլերը՝ Հայաստանին և Ադրբեջանին կոչ անելով նաև ավտոմոբիլային հաղորդակցությունը վերականգնելու արդյունավետ լուծումներ գտնել։ ԵՄ-ն պատրաստ է աջակցություն ցուցաբերել հաղորդակցության ուղիների զարգացման հարցում, այդ թվում՝ իր Տնտեսական և ներդրումային ծրագրին համապատասխան և առաջարկվող տնտեսական խորհրդատվական ֆորումի օգտագործման ճանապարհով՝ ընդհանուր նախագծերը որոշելու համար:
Առաջնորդները պայմանավորվել են հետևել իրենց հանդիպման արդյունքներին և շարունակել փոխգործակցությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ, տեղեկացնում է News.am-ը։