Սերգեյ Նարիշկին․ Մեր աչքերի առջև ծավալվում է եվրոպական և համաշխարհային պատմության սկզբունքորեն նոր փուլ
ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ի մյուս երկրները պատրաստ չեն Ուկրաինայի պատճառով ուղիղ հակամարտության մեջ մտնել Ռուսաստանի հետ՝ սահմանափակվելով միայն Կիևին սպառազինություն մատակարարելով, գրել է ՌԴ-ի Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը ռուսական «Национальная оборона» ամսագրի հոդվածում։
«ԱՄՆ-ը, ինչպես և ՆԱՏՕ-ի մնացած անդամների մեծ մասը, ակնհայտորեն պատրաստ չեն Կիևի խունտային բարոյական և նյութական ավելի մեծ աջակցություն ցուցաբերել և բացահայտ ուղիղ ռազմական բախման մեջ մտնել Ռուսաստանի հետ՝ որպես Ուկրաինայի կողմնակից։
Ընթացիկ փուլում Վաշինգտոնում իրենց հիմնական խնդիրը համարում են այն, որ հնարավորինս ձգեն հակամարտությունը, այն որքան կարելի է ավելի ծախսատար դարձնեն թե՛ Մոսկվայի, թե՛ Կիևի համար, և միաժամանակ թույլ չտան, որ լարվածությունը տարածվի դեպի Արևմուտք։ Դրա համար օգտագործվում են ամենաստոր մեթոդները, ընդհուպ մինչև ուկրաինական տարածք զինյալներ ուղարկելը, որոնց առջև խնդիր է դրվում երկրում կազմակերպել և պաշտպանել այսպես կոչված պարտիզանական, իսկ իրականում՝ ահաբեկչական ընդհատակ»։
Նրա կարծիքով՝ ՆԱՏՕ-ն, ինչպես ընդգծել են ամերիկյան «ստրատեգները», պետք է ջանա Ուկրաինան Ռուսաստանի համար վերածել նրան, ինչ Աֆղանստանն էր ԽՍՀՄ-ի համար։ «Նրանց համար, ովքեր գոնե մի փոքր ծանոթ են պատմությանն ու աշխարհագրությանը, ակնհայտ են այդ համեմատության բացարձակ անտեղիությունն ու ռազմավարական ձախողակությունը...
Դիմակայության կատաղիությունը ոչ երկիմաստորեն վկայում է այն մասին, որ խոսքը մի ինչ-որ անհամեմատ ավելի մեծ բանի մասին է, քան Կիևի ռեժիմի ճակատագիրը։ Փաստորեն խաղաթղթի վրա ամբողջ աշխարհակարգի ճարտարապետությունն է դրված։ Դրա կոնկրետ ուրվագծերը կռահելը, ելնելով ներկա իրավիճակից, բավական դժվար է, բայց կարելի է վստահաբար ասել. հնին վերադարձ այլևս չի լինի։
Ներկա պահին հենց մեր աչքերի առջև ծավալվում է եվրոպական և համաշխարհային պատմության սկզբունքորեն նոր փուլ։ Դրա էությունը միաբևեռ աշխարհի և միջազգային այն հարաբերությունների տապալումն է, որոնք հենված են ամենաուժեղի, այսինքն՝ այլ պետությունները քանդելու ԱՄՆ-ի իրավունքի վրա, որպեսզի կանխվի ուժի այլընտրանքային կենտրոնների վերածվելու նրանց փոքրագույն հնարավորությունը։
Վաշինգտոնը փորձում էր իր հեգեմոնիան հաստատել Հարավսլավիայում, Աֆղանստանում, Իրաքում, Լիբիայում, Սիրիայում, դրան էին ուղղված նաև Արևմուտքի՝ իր ազդեցության ծիր Ուկրաինային ներքաշելու ջանքերը։ Ռուսաստանն այսօր այդ համակարգին բացահայտ մարտահրավեր է նետում՝ ստեղծում է իսկապես բազմաբևեռ աշխարհ, որը դեռևս երբեք չի եղել և որից հետագայում կշահեն բոլորը, անգամ մեր ներկա հակառակորդները։
Իրեն սպառած լիբերալ ունիվերսալիզմին պետք է փոխարինելու գա նոր աշխարհակարգ՝ արդար և կայուն, որը պետք է ստեղծել այն պայմաններով և այն ձևերով, որոնք կապահովեն պետությունների և տարածաշրջանային միավորումների համատեղ գոյությունը՝ պահպանելով նրանցից յուրաքանչյուրի ինքնուրույն զարգացման իրավունքը։ Համոզված եմ, որ այդ գործընթացին ավելի ակտիվորեն կմիանան նաև այն առողջ ուժերն արևմտյան երկրներում, որոնք գիտակցում են համաշխարհային հանրության առջև ծառացած վտանգներն ու պարզապես շահագրգռված են ինքնապահպանմամբ...
Ռուսական հատուկ գործողությունը ոչ քիչ չափով դարձել է անշրջելիության կետ նաև «հավաքական Արևմուտքի» համար, որն իր ռուսատյացության մոլուցքի մեջ բացահայտորեն ոտնահարում է տասնամյակներ (եթե չասենք՝ հարյուրամյակներ) իր իսկ հռչակած բազային սկզբունքները, ինչպիսին են մասնավոր սեփականության անձեռնմխելիությունը, խոսքի ազատությունը կամ տեղեկատվության անսահմանափակ տարածումը», տեղեկացնում է News.am-ը։