Լավրով․ ՌԴ-ն կշարունակի օգնել Հայաստանին

Ռուսաստանը պաշտպանունակության ամրապնդման հարցում կշարունակի օգնել Հայաստանին։ Այս հայտարարությունն արել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպման ժամանակ։

«Ռուսաստանը՝ որպես Հայաստանի առանցքային դաշնակից, կշարունակի աջակցել պաշտպանունակության ամրապնդմանը, սահմանի պահպանության ապահովմանը», - ասել է նա:

Նախարարը հայտնել է, որ այսօր Մոսկվայում կողմերը կստորագրեն հերթական երկու տարվա խորհրդատվությունների պլանը: Նախարարի խոսքով՝ կորոնավիրուսային իրադրությունը շտկվում է, և պետք է ակտիվացնել դիվանագետների շփումները, առավել ևս, որ աշխարհաքաղաքական իրավիճակը պահանջում է ավելի հաճախ հստակեցնել դիրքորոշումները և համադրել գնահատականները։

«Մենք պատրաստվում ենք հերթական կարևորագույն իրադարձությանը, մեր ղեկավարների հերթական գագաթնաժողովին։ Եվ կքննարկենք, թե ինչպես է պետք ապահովել բովանդակային մասը, որը նոր որակ կհաղորդի դաշնակցային հարաբերություններին», - ընդգծել է ԱԳՆ ղեկավարը:

Արարատ Միրզոյանը Մոսկվա է մեկնել աշխատանքային այցով։ Հանդիպում է նախատեսվում նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ, տեղեկացնում է Sputnik Արմենիա։