Դավիթ Բաբայան․ Ռուս խաղաղապահների դուրս բերումը կբերի Արցախի ոչնչացման

Եկեք դեռևս սպասենք որոշ ժամանակ, տեսնենք, թե ինչպիսի ընթացք է ստանում այդ գործընթացը. Համենայնդեպս, Մինսկի խմբի համանախագահությունը այն հարթակն է եղել, որը տարիներ շարունակ զբաղվում է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի աղմկահարույց հայտարարությանը, թե Մինսկի խումբը չեղարկվում է, քանի որ ԱՄՆ-ն և Ֆրանսիան չեն ցանկանում այս ձևաչափում Ռուսաստանի հետ շփումներ ունենալ:

«Միգուցե այդ կարգավորման գործընթացը ԵԱՀԿ Մինսկի համանախագահության շրջանակում սառեցվի, մենք դա կանխատեսել էինք, բայց դեռևս վաղ է խոսել Մինսկի խմբի վերացման կամ ապամոնտաժման մասին, դեռ պետք է սպասենք, տեսնենք՝ ինչպիսի զարգացումներ են լինելու հետագայում:

Մենք մտածում էինք, որ կարող է սառեցվի այդ ձևաչափը՝ հաշվի առնելով տեղի ունեցող գործընթացները հարաբերությունների սառեցումը կամ թեժացումը, բայց եկեք սպասենք: Սա մի հարթակ է, որ միջազգայնորեն է հաստատվել: Տեսնենք՝ ինչպես է գործընթացը զարգանում: Նույնիսկ եթե սառեցվի, բնական է, որ իրավիճակը տարածաշրջանում այդ կայունությունն ու խաղաղությունը պահպանվում է ռուսական խաղաղապահների, Ռուսաստանի ներդրմամբ, շատ մեծ գործ է անում, վճռորոշ դերակատարություն ունի»,-ասաց նա:

Դիտարկմանը, թե արդյոք բրյուսելյան հանդիպումն էլ այդ համատեքստում էր, նա ասաց. «Ոչ, չեմ կարծում, սդա բոլորովին այլ գործընթաց է, իսկ Բրյուսելի հանդիպումը ավելի շուտ Հայաստան-Ադրբեջան հարաբերություններն էին: Իհարկե, դա փոխկապակցված է ղարաբաղյան հակամարտության հետ, բայց այնուամենայնիվ, դրանք առանձին գործընթացներ է:

Կան հարցեր, որոնք չեն առնչվում կամ շատ թույլ են առնչվում Ղարաբաղյան խնդրին, կան հարցեր, որոնք անմիջականորեն են առնչվում: Այն, որ այդ հանդիպմանը Արցախի մասին խոսք չի եղել, նշանակում է, որ զուտ կենտրոնացել են Հայաստանի և Ադրբեջան հարաբերությունների վրա»:

Հարցին,թ ե այդ դեպքում որտե՞ղ պետք է խոսվի Արցախի մասին, Դավիթ Բաբայանը պատասխանեց. «Այդ հարցերը պետք է քննարկվեն ավելի լայն շրջանակում, նույն Մինսկի խմբի եռանախագահության շրջանակում, պետք է քննարկվի ՌԴ-ի ներգրավմամբ և այլն: Շատ ենք խոսել, որ չի բացառվում տարբեր հարթակներ ձևավորվեն աշխարհաքաղաքական իրավիճակի կամ հավասարակշռվածության պահպանման ներքո:

Մեզ համար ամենակարևորն այն է, որ խաղաղությունն ու կայունությունը պահպանվի: Տվյալ դեպքում վճռորոշ դերակատարություն ունի Ռուսաստանը: չեմ կարծում, որ ԱՄՆ-ն ու Ֆրանսիան կցանկանան ապակայունացնել իրավիճակը այս գոտում: Այսինքն եթե նույնիսկ նրանք չշփվեն, կան ընդհանուր շահեր, որը խաղաղության և կայունության պահպանումն է»:

Ինչ վերաբերում է նրան, որ Բրյուսելի հանդիպմանը Արցախի մասին խոսք չեղավ, Արցախի ԱԳ նախարարը նկատեց. «Այս հանդիպումը եղել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների համատեքստում: Ես չեմ պատկերացնում, չեմ էլ ուզում պատկերացնել, որ կարող է լինի որևէ ՀՀ իշխանություն, որը կճանաչի Արցախն Ադրբեջանի մաս: Դա հնարավոր չէ»:

Նա նկատեց, որ Մինսկի խումբը պաշտոնապես չի լուծարվել, կարող է սառեցվել նրա աշխատանքը, որն իմիջիայլոց, երկար ժամանակ սառեցված է 2020-ից հետո:

Անդրադառնալով նրան, որ վերջին շրջանում ընդհանրապես չի խոսվու, Արցախի ինքնորոշման իրավունքի մասին, նա ասաց. ««Մենք միշտ ասել ենք, որ ունենք մեր կարմիր գծերը և ամենավառ արտահայտված կարմիր գիծը այն է, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում: Մենք ունենք մեր կարգավիճակը, ինքնորոշվել ենք բազմաթիվ անգամ»:

Հարցին, թե Արցախում կա՞ն մտահոգություններ, որ Արևմուտքի և Ռուսաստանի հարաբերությունները լարվում են, առանցքային միջնորդ խաղա Արևմուտքը, կարող է ռուս խաղաղապահների դուրսբերման հարց դրվի սեղանին, Դավիթ Բաբայանն արձագանքեց. «Չեմ կարծում, որովհետև խաղաղապահները տեղակայվել են Հայաստանի և Ադրբեջանի համաձայնությամբ: Մենք ևս կողմ ենք, որ Արցախում ռուս խաղաղպահները լինեն: Հենց ռուս խաղաղապահների առկայությունն է, որ պահպանում է և թույլ չի տալիս, որ լինի լայնածավալ պատերազմ: Եթե Նորվեգիայից կամ ուրիշ տեղից խաղաղապահներ գան, Ադրբեջանի չի փորձելո՞ւ խախտել զինադադարի ռեժիմը: Ավելին, շատ ավելի ազատ է լինելու և կարող է լայնածաված պատերազմ էլ սկսել:

Իսկ ներկա իրավիճակում սադրանքներ եղել են, կան կլինեն, բայց մենք դրանով չպետք է որևէ ձևով սա մեզ անակնկալ լինի կամ վհատվենք: Ամոթ է ուղղակի: Ռուս խաղաղապահների դուրս բերումը կբերի Արցախի ոչնչացման»: